Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՎԱՀՈՂ Է ԽԱՌՆՎԵԼ ՋՐԻՆ

Մարզեր


Գյումրիի Երկաթգծի ավանում բնակիչները դեռ շարունակում են նեղություններ կրել խմելու ջրի աղտոտվածության պատճառով: «Շիրակ-Ջրմուղկոյուղու» աշխատակիցները 40 տարվա մաշվածություն ունեցող ջրատարի վրա հայտնաբերել են հինգ վթար, որոնց վերացման աշխատանքները դեռ շարունակվում են: Սա անսպասելի չէր, քանի որ խողովակներն ունեն մոտ քառասուն տարվա մաշվածություն:


Բնակիչները նշում են, որ մասնագետներն իրենց արգելել են օգտագործել ջուրը: Բնակիչներն էլ ստիպված են խմելու ջրի այլընտրանք որոնել: Ջուր են գնում խանութներից կամ դույլերով բերում են հարեւան թաղամասերից: Տանջանքով բերված մի քանի լիտր ջուրն էլ չի բավարարում կենցաղային բոլոր կարիքներին:


«Շիրակ- Ջրմուղկոյուղու» աշխատակիցները նշում են, որ ջուրը լաբորատոր հետազոտման է ենթարկվել, եւ համոզված են, որ կոյուղաջրով աղտոտված չէ: Պարզապես վթարի հետեւանքով կավահող է ներծծվել ջրատար խողովակի մեջ՝ պղտորելով ջուրը:


Մասնագետները կատարում են խողովակաշարի տեղային նորոգումներ, սակայն հարկավոր է ամբողջությամբ փոխել 300 միլիմետր տրամագիծ ունեցող մոտ 700 մետրանոց ջրատարը:


Կառույցի շահագործման ծառայության պետ Պարթեւ Մարտիրոսյանը կարծում է, որ հավանաբար այս վթարի վերացումից մեկ օր հետո թաղամասում ջուրը կպարզվի, եթե ոչ՝ ուրեմն հարկավոր է քայքայված խողովակի վրա նոր վթարներ փնտրել:


Գյումրիի «Ցայգ» ՀԸ