Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեմադրիչը խնայում է նյարդերը

Մշակույթ

՚2007թ. սեպտեմբերից հայկական հեռուստաաալիքները իմ տանը ընդհանրապես չեն գործում, որովհետեւ ես ինձ սիրում եմ, խնայում եմ նյարդերսՙ,- այսօր ՚Ա1+ՙ-ին ասաց բեմադրիչ Կարինե Խոդիկյանը: Հայկական հեռուստատեսության բացը տիկին Խոդիկյանը լրացնում է արբանյակային ալիքներով. ՚Աշխարհը մեծ է, եւ ես չեմ պատրաստվում ոչ օբյեկտիվ լրատվության եւ անորակ սերիալների վրա ժամանակ կորցնելՙ:

Ի դեպ, տիկին Խոդիկյանը հայկական հեռուստատեսություն չի դիտում ոչ միայն նյարդերը խնայելու, այլեւ հայերենը անաղարտ պահելու համար.՚Ես այն փոքրամասնության մեջ եմ այսօր, ովքեր քնելուց առաջ գիրք են կարդում: Այնպես որ ես իմ մայրենի լեզուն այսօր պաշտպանում եմ հայերենի դեմ սկսած հեռուստատեսային պատերազմիցՙ:

Ինչպես Երեւանի թատերասեր հասարակությունն, այնպես էլ տիկին Խոդիկյանը, արդեն 2 շաբաթ է ապրում է թատերական կյանքով` ՚2009-Xՙ փառատոնով: ՚Փառատոնի նպատակը 2008թ. կատարած երիտասարդ բեմադրիչների աշխատանքների ցուցադրումն է: Պետք է ասեմ, որ դահլիճներում հիմնականում երիտասարդներ են եւ այդ փաստը ինձ շատ է ուրախացնումՙ:

Բեմադրությունների ավարտից հետո անցկացվում են նաեւ քննարկումներ.՚Ինձ ուրախացնում է այն, որ մենք փորձում ենք հասկանալ կատարվածը եւ չենք վախենում ճիշտ կամ դառը խոսք ասելուցՙ:

Երիտասարդ բեմադրիչները թեմաները տարբեր են` Սասնա Ծռերից սկսած մինչեւ մեր օրերը: ՚Կարելի է ամեն ինչ վերցնել եւ դարձնել գերժամանակակից, կարելի է ինչ-որ բան ներկայացնել, որ քարանձավի հոտ գա: Կարեւորը ոչ թե ձեւն է, այլ թե ինչ ասելիք ունի բեմադրիչը: Կարող եմ նշել Նարինե Գրիգորյան, Սաթենիկ Խաչատրյան, Լյուդվիգ Հարությունյան, Դավիթ Հարությունյան… Սրանք այն երիտասարդներ են, ովքեր այսօր գործ են անումՙ:

Կարինե Խոդիկյանին ուրախացնում է այն փաստը, որ երիտասարդ բեմադրիչներից մի մասը մարզերից են: Երիտասարդ բեմադրիչներից մի քանիսի աշխատանքները բեմադրվել են Թատերական միության տրամադրած գումարներով: Որոշ երիտասարդների աջակցում են նաեւ թատրոնները: Օրինակ` Սաթենիկ Խաչատրյանը ընդամենը 23 տարեկան է եւ 5 բեմադրության հեղինակ: ՚Դա արդեն ինչ-որ բան նշանակում էՙ,- կարծում է Կարինե Խոդիկյանը: ՚Եթե մի քանի տարի առաջ ասում էինք, որ երիտասարդ բեմադրիչներ չկան, ապա այսօր տեսնում ենք, որ հերթափոխ կաՙ,- վստահեցրեց Կարինե Խոդիկյանը:

Այսօր երեկոյան կավարտվի ՚2009-Xՙ թատերական փառատոնը: Առաջիկայում թատերասերներին սպասում է ՚Արամազդՙ մրցանակաբաշխությունը: