Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հախվերդյանն ապրում է թիթեռի պես

Մշակույթ

՚Սովետից մինչեւ հիմա մշակույթի առումով ոչինչ էլ չի փոխվել: Առաջ մայիսի 1-ի, շքերթի երաժշտություն, երգեր էին տալիս, հիմա կեղծ հայրենասիրական երգեր են երգումՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով մարտի 15-ին նախատեսում է համերգ` 0-ից 100 տարեկան երեխաների համար:

Համերգին ներկայացվելիք երգերի վրա Ռուբեն Հախվերդյանը աշխատել է 4-5 տարի` ձայնագրությունը եւ թողարկումը ներառյալ: ՚Շատ կարեւոր եմ համարում այն հարցը, որ երեխաները լավ հայերեն, հայկական երգեր լսեն, քանի որ մանկական երգը մեր ամենաթույլ կետն է: Ես փաստորեն նաեւ որպես հոգու պարտք եմ կատարել երեխաների նկատմամբ: Կան երգեր, որ ես իմ երեխաներին քնեցնելուց եմ գրել` մութ եւ ցուրտ տարիներինՙ,- ասաց Ռուբեն Հախվերդյանը:

Գնահատելով մշակույթի նախարարության դերը` երգահանն ասաց, թե այն կոչումները` ժողովրդական արտիստ, վաստակավոր արտիստ, որ տալիս են, անիմաստ է. ՚Պատկերացնում եք Ռե Չարլզի մասին ասեն` Ամերիկայի ժողովրդական արտիստ Ռե Չարլզ: Այդ բառերը պետք է հանվի: Ժողովուրդը սիրում է, ուրեմն ժողովրդական մարդ է: Ոնց որ թուլափայեր են գցում արվեստագետներին, թե քեզ մի հատ մեդալ կտանք: Էդ մենակ երեխան կարա ուրախանա փայլփլուն բաներիցՙ:

Խոսելով ապագա ծրագրերից` շեշտեց, որ ինքը առհասարակ ծրագրեր չունի եւ չի կազմում. ՚Ապրում եմ թիթեռի պես, այսօր այսպես, վաղը այնպես: Ծրագրեր աստղերին հարցրեք, նրանք են ծրագրեր ունենումՙ:

Հետեւո՞ւմ է արդյոք երգահանը քաղաքական իրադարձություններին եւ որպես մտավորական ինչպիսի՞ ելք է տեսնում առկա քաղական չգնաժամի լուծման համար ՚Քաղաքականությունների հետեւում ենքՙ,- ասաց նա: Այնուհետեւ, կռահելով, որ չհասկացանք իր բառախաղը, ավելացրեց. ՚Ոչ թե վզին ենք նստած, այլ հետեւում ենք: Չեմ կարծում, որ այս բարդակը, որը կոչվում է պետություն, կարող է ինչ որ լավ բաների բերի, որովհետեւ մենք լիդերներ չունենք քաղաքականՙ: