ՏՄՊՊՀ, 'Իրավիճակը վերահսկվում է'
Աջակցիր «Ա1+»-ին՚ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խիստ վերահսկողության տակ է վերցրել շուկայում տեղի ունեցող զարգացումները` պայմանավորված դրամի փոխարժեքի լողացող կուրսին վերադարձովՙ,- ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը:
Մեր հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում խանութներում սննդամթերքի գների կտրուկ աճը կանխելու ուղղությամբ, նա տեղեկացրեց, որ այսօր առավոտյան հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը աշխատակազմին հանձնարարել է ընդլայնել առաջին անհրաժեշտության ապրանքների մոնիտորինգը:
՚Մոնիտորինգի ենթակա ապրանքների ցանկը հասցվել է 40-ի (25-ից), հաճախականությունն առայժմ ամենժամյա է: Արդյունքները կամփոփվեն յուրաքանչյուր օրվա ավարտին` հնարավորինս օպերատիվ արձագանքի համար: Ստեղծված աշխատանքային խումբը մոնիտորինգի ամենժամյա արդյունքներից ելնելով, ձեռնարկում է որոշակի քայլեր: Արդեն իսկ արձանագրվել են որոշ ապրանքների բարձրացումներ, որոնց առնչությամբ պարզաբանումներ են ստացվել խոշոր տնտեսվարողներից, կատարվել են նախազգուշացումներ, տրվել են օրենքի պարզաբանումներ, ինչի շնորհիվ որոշակի չափով գների զսպում է տեղի ունեցելՙ,- ասաց Արմինե Ուդումյանը:
Նա նկատեց, որ այսօր անհնար է ասել, թե ով է թանկացումների պատճառը` վաճառողը, թե՞ խանութի սեփականատերը: Այդ ամենն, ըստ Ուդումյանի, ուսումնասիրվում է, եւ համապատասխան քայլեր կարվեն:
՚ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում է տնտեսվարողներին` հատկապես խոշոր ներկրողներին, մանրածախ առեւտրային գործունեություն իրականացնողների, շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներին, ինչպես նաեւ արտադրողներին, ձեռնպահ մնալ դրամի փոխարժեքի լողացող քաղաքականությանը վերադարձի պատճառաբանությամբ գների չհիմնավորված բարձրացումներից, գերիշխող դիրքի չարաշահումներից կամ հակամրցակցային համաձայնություններիցՙ,- ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: ՚Իսկ շուկայում իրավիճակը հսկողության տակ էՙ,-վստահեցնում է Արմինե Ուդումյանը: