Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10-12 տոկոսը թանկացում չէ՞

Տնտեսություն

՚Այսօրվա գների մեջ չարաշահում չկաՙ,- այսօր հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում գտնվող 40 ապրանքատեսակներից միայն 4-ի գների բարձրացում է այս երկու օրերին նկատվել` ձեթ, կարագ, շաքարավազ, բանեին: Շահնազարյանը նաեւ ասաց, որ բարձրացումն էլ էական չէ`ընդամենը 10-12 տոկոս: Շահնազարյանը լրագրողների ներկայացրած փաստերի ճնշման տակ խոստովանեց նաեւ, որ թանկացում է նկատվել նաեւ դեղերի շուկայում` մոտ 15 տոկոս:

Նա կանխատեսեց, որ մի 3 ամիս այսպես կմնա, հետո կարող է նկատվել նորից մի 5 տոկոս գների աճ: ՚Մենք ավել թույլ չենք տաՙ,- վճռական հայտարարեց Աշոտ Շահնազարյանը:

Աշոտ Շահնազարյանը նկատեց, որ որոշ տնտեսվարողներ երեկ եւ այսօր օգտվելով մարդկանց խուճապից` իրենց համար հավելյալ արժեք են ստեղծել` բարձրացնելով արդեն իսկ ցուցափեղկրում գտնվող ապրանքի գները: Նա նույնիսկ ասաց, որ շատ խանութներում, որտեղ մոնիտորինգ է իրականացրել հանձնաժողովը, իրենց այցից հետո գները կրկին բարձրացրել են, եւ հանձնաժողովի անդամները ստիպված են եղել կրկնակի այցեր կատարել: ՚Ա1+ՙ-ի հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում այդպիսի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, Շահնազարյանը պատասխանեց, որ թող այսօր էլ լինի նախազգուշական օր, իսկ վաղվանից իրենք կսկսեն վարույթ հարուցել. այսօր արդեն իսկ որոշ դեպքերի վերաբերյալ, ըստ հանձնաժողովի նախագահի, իրենք տեղեկացրել են պետեկամուտների կոմիտե:

Բացի այդ, Աշոտ Շահնազարյանը պարզաբանեց, որ ազատ շուկայական հարաբերություններում պետք է նաեւ ապացուցողական բազա ունենաս տնտեսվարողների նկատմամբ վարույթ հարուցելու եւ պատժելու համար: Այսինքն` երկօրյա ՚գործառույթներըՙ, որոնց արդյունքում մարդիկ գերշահույթներ ապահովեցին, բավարար հիմք չեն:

Աշոտ Շահնազարյանն ասաց, որ չարաշահումներ են թույլ տվել երեկ նաեւ տարադրամի փոխանակման կետերը, եւ անգամ 400-420 դրամով են դոլար վաճառել: Այսօր գները նորմայի մեջ են` ըստ Շահնազարյանի` ՚360-380 դրամի տիրույթումՙ: Նա նկատեց, որ լողացող կուրսին անցնելու նախորդող շրջանում էժան գնով մեր հանրապետության դոլարն արտահանվեց, այլեւս անհնար էր այդպես պահել կուրսը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք իշխանության ներկայացուցիչները չէին 4,5 ամիս շարունակ էժան գնով ՚հավաքումՙ մարդկանց դոլարը: Բնականաբար, Շահնազարյանն ասաց, որ ՚Ոչ, իշխանությունը լուծել է միայն մեկ խնդիր` սոցիալականՙ:

Իսկ արդյոք հանձնաժողովը հետաքրքրվե՞լ է, թե ինչու մինչեւ լողացող կուրսին անցնելը օրեր շարունակ տարադրամի փոխանակման կետերը չէին վաճառում դոլար, միայն գնում էին: Աշոտ Շահնազարյանը բերեց թվեր դոլար-դրամային շրջանառության վերաբերյալ, որով փորձեց ապացուցել, որ նման բան չի նկատվել:

Ի դեպ, Աշոտ Շահնազարյանը տեղեկացրեց, որ մոնիտորինգի ընթացքում նկատվել է երեւույթ, երբ նույն ցանցի խանութներում նույն ապրանքը տարբեր գներով է վաճառվում. հիմնականում առիթից օգտվում են Կենտրոնի խանութները:

Նա ասուլիսի ընթացքում տարբեր ապրանքների գների բարձրացման վերաբերյալ վկայող լրագրողներին խորհուրդ էր տալիս օգտվել այն խանութներից, որտեղ գները չեն բարձրացել: