Բյուջեն դեռ չի վերանայվի
Աջակցիր «Ա1+»-ին՚Մեր գործողությունների տրամաբանությունը հաշվարկված քաղաքականություն է, որը մենք իրականացնում ենք մեր գործընկերների հետ համատեղ եւ նրանց ֆինանսական ու տեխնիկական օժանդակությամբՙ,- անդրադառնալով Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրված վարկերին լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ միջազգային այս երկու կառույցները ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար ՀՀ-ին շուրջ կես միլիարդանոց վարկեր էին տրամադրել:
Սարգսյանը վստահեցրեց նաեւ, որ այսօր աշխարհի լավագույն փորձագետներին օգնում են մեզ իրականացնել ճշգրիտ մակրոտնտեսական քաղաքականություն, որի նպատակն է, ըստ վարչապետի` ապահովել մեր երկրի ֆինանսական ու տնտեսական կայունությունը: ՚Մյուս կողմից` մեր քաղաքականությունն է կուտակել բավարար պաշարներ, որ դիմակայենք այն նոր փորձություններին, որոնք ի հայտ են գալիս համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պատճառովՙ,- նշեց վարչապետը:
ՀՀ Կենտրոնական բանկի տարադրամի փոխարժեքի լողացող քաղաքականության անցնելուն զուգահեռ արդյոք ՀՀ Կառավարությունը կվերահաշվարկի՞ ՀՀ պետբյուջեն` հարցին` Սարգսյանը պատասխանեց, որ այդ առումով կառավարությունն այսօր ունի ճկունություն:
Ըստ նրա` եթե ծանոթանանք բյուջետային օրենսդրությանը, ապա կտեսնենք, որ այդ ճկունությունը հնարավորություն է տալիս կառավարությանը մանեւրելու, իրականացնելու ծախսերի որոշակի վերակառուցումներ` հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տնտեսական ու ֆինանսական միջավայրում: ՚Կարծում եմ, որ դեռեւս վաղաժամ է խոսել բյուջեի արմատական փոփոխությունների մասին: Դեռեւս հնարավոր չէ հստակ կանխատեսումներ իրականացնել, թե ինչպես են զարգանալու իրադարձություններն այս տարվա ընթացքում համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական գործառույթների ներքո: Դրա համար այստեղ շտապողականությունը կարող է մեզ խանգարելՙ,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, որ եթե իրադարձությունները զարգանան ավելի լավատեսական սցենարով, ապա բյուջեի վերանայումների կարիք չի լինի: Հակառակ դեպքում, ըստ նրա` տարվա կեսին բնականաբար կանդրադառնան բյուջետային խնդիրներին:
Նա հավաստիացրեց, սակայն, որ այդ նպատակով ՀՀ-ն այսօր ունի բավարար թե ճկունություն, թե գործիքներ, թե ռեզերվներ կուտակված ԿԲ-ում: Մասնավորապես, ըստ նրա` դա կառավարության խնայողություններն են, որոնք ԿԲ-ում այս տարիների ընթացքում կուտակվել են կառավարության հաշիվների վրա: Հենց դա էլ վարչապետի ասելով` տալիս է մեզ որոշակի ճկունություն տարվա առաջին 2 եռամսյակներին դիմագրավելու այն բարդություններին, որոնք առկա են: ՚Բյուջեի գործիքակազմն ու ճկունությունն այնպիսինն է, որ հնարավորություն է տալիս մեզ վերաբաշխել ծախսերն ըստ եռամսյակների: Օրինակ` 1-ին եռամսյակում զերծ մնալ որոշակի ծախսերից` հետաձգելով դրանք 4-րդ եռամսյակՙ,- ընդգծեց Տիգրան Սարգսյանը: