ՀՆԱ-ն նվազել է 5 տոկոսով
Աջակցիր «Ա1+»-ին՚Ֆիթչՙ վարկանիշային կազմակերպությունը այսօր նշել է, որ 540 մլն ԱՄՆ դոլար կազմող ԱՄՀ վարկայինմեխանիզմը կաջակցի գլոբալ եւ տարածաշրջանային շոկերի նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմադրողականության ավելացմանը, դրանով իսկ նպաստելով երկրի սուվերեն վարկանիշի հեռանկարին:
Ներկայումս, Հայաստանի սուվերեն վարկանիշը արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների գծով ՚BBՙ է` ՚Կայունՙ հեռանկարով: Երկրի առաստաղային վարկանիշը ՚BB+ՙ է, իսկ կարճաժամկետ վարկանիշը` ՚Bՙ:
ԱՄՀ-ի Կառավարիչ-Տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը կոչ է արել ԱՄՀ-ի Խորհրդին 2009 թ. մարտի 6-ի իր նիստում հավանություն տալ Հայաստանին 540 մլն դոլար 28-ամսյա Stand By վարկ տրամադրելու որոշմանը, որը կազմելու է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 400%: Երկիրը դիմել էր ԱՄՀ-ի օգնությանը, երբ պաշտոնական պահուստները նվազել էին 24%-ով եւ 2009 թ. հունվարի վերջի դրությամբ կազմել 1.26 մլրդ դոլար` 2007 թ. վերջի 1.66 մլրդ դոլարի համեմատ: Կենտրոնական բանկը 2008 թ.-ի ընթացքում ծախսել էր շուրջ 360 մլն դոլար ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 305 մակարդակի վրա պահելու եւ դրանով մասնակիորեն դոլարացված ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը դժվարին պայմաններում պահպանելու համար:
Կենտրոնական բանկը ներկայումս թույլ է տալու փոխարժեքի ավելի մեծ տատանողականություն, եւ ակնկալում է, որ ՀՀ դրամը կտատանվի 370ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար մակարդակի շուրջ: Սակայն Կենտրոնական բանկը պաշտոնապես չի հավաստիացրել, որ ՀՀ դրամի փոխարժեքը գտնվելու է որոշակի մակարդակի կամ որեւէ միջակայքի սահմաններում: ԱՄՀ-ի վարկային ծրագիրը ներառում է աջակցություն բանկերին` հնարավորություն տալով նրանց չեզոքացնել ՀՀ դրամի արժեզրկման հետեւանքները` բանկային համակարգի վարկերի ընդհանուր ծավալում 38%-ը արտարժութային վարկերի առկայության պայմաններում:
Ըստ ՚Ֆիթչՙ-ի`Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2008 թ.-ին դանդաղել է եւ կազմել 6.8%` 2007 թ. 13.8%-ի համեմատ: 2008 թ. չորրորդ եռամսյակում գրանցվել է տնտեսական անկում 0.2 %, որը հիմնականում պայմանավորված էր շինարարության աճի տեմպերի շուրջ 11%-ով նվազմամբ: 2008 թ. չորրորդ եռամսյակում Ռուսաստանի տնտեսության կտրուկ անկումը ազդել է ստացվող դրամական փոխանցումների վրա, որը արտարժույթի եւ պահանջարկի ձեւավորման կարեւորագույն աղբյուր է: Համաձայն ԱՄՀ կանխատեսումների, 2009 թ.-ին Հայաստանի տնտեսությունը կկրճատվի 1.5%- ով, սակայն Հայաստանի իշխանություններն ակնկալում են շուրջ 2% տնտեսական աճ, պայմանավորված ֆիսկալ խթաններով, որոնք մասամբ ֆինանսավորվում են պաշտոնական աղբյուրներից:
Ի լրումն ԱՄՀ վարկային ծրագրի, Հայաստանը ստանալու է 500 մլն ԱՄՆ դոլարի վարկ Ռուսաստանից եւ մոտակա 3 տարիների ընթացքում մինչեւ 525 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ Համաշխարհային բանկից` փոքր եւ միջին ձեռնարկություններին ֆինանսավորելու համար: ԱՄՀ վարկային ծրագրի հաստատումը եւ հաջողությամբ իրագործումը, ինչպես նաեւ երկրում վարվող կարգապահ քաղաքականության պահպանումը կաջակցի Հայաստանի վարկանիշին: Աշխարհաքաղաքական ռիսկը մնում է կարեւոր գործոն այս անկայուն տարածաշրջանում, թեեւ հարեւան Ադրբեջանի հետ սառեցված հակամարտության լուծման գործում կա առաջընթաց: Ներքին քաղաքական ռիսկը թվում է թուլացել է ընտրությունների հետ կապված 2008 թ. մարտի անկայունության ժամանակահատվածից հետո, թեեւ տնտեսության անկումը կարող է հետագայում նորից անհանգստությունների պատճառ դառնալ: Պետական ֆինանսները շարունակում են հանդիսանալ դրական վարկանիշային գործոն: Այսպես, ՚Ֆիթչիՙ գնահատականներով, Հայաստանի պետական պարտքը 2008 թ. վերջի դրությամբ կազմել է ՀՆԱ-ի միայն 14%-ը: