Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գները համամասնորեն կիջնե՞ն

Տնտեսություն

ՀՀ Տնտեսության մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն այսօր վարույթ է հարուցել 4 շուկայում` բուսական յուղի, կարագի, դեղի, կենցաղային տեխնիկայի: Տնտեսվարողները կասկածվում են դրամի լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձի պատրվակով գների չհիմնավորված բարձրացման համար:

Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը նշեց, որ սա վարույթներ հարուցելու առաջին փուլն է, եւ քանի որ որոշակի տվյալներ կան նաեւ հացի, մսամթերքի եւ այլ շուկայում տեղի ունեցող բարձրացումների մասին, մոնիտորինգը շարունակվում է եւ հավանական է, որ մյուս շաբաթ` կախված շուկայի զարգացումներից, վարույթներ կհարուցվեն մի քանի այլ շուկաներում եւս:

՚Եթե հացաբուլկեղենն ու երշիկեղենը թանկացել են, ապա պետք է հասկանալ ընդամենը, թե որքանո՞վ են դրանք թանկացել: Մենք չենք կարող պարտադրել, որ չթանկացնեն, քանի որ նրանց հումքը եւս ներմուծվում է: Մեր հանձնաժողովը միայն վերացնում է տնտեսվարողների մեխանիկական ձգտումները գերշահույթ ստանալուՙ,- իր խոսքում նշեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Աշոտ Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է դեղորայքի շուկային, ապա հանձնաժողովը տեղեկացել է, որ բոլոր դեղ ներկրողները պայմանավորվել են 25 տոկոսով թանկացնել ապրանքները: Սա, ըստ Շահնազարյանի` հակամրցակցային համաձայնություն է եւ միայն թանկացման հիմքերը ներկայացնելուց հետո հանձնաժողովն իր գնահատականը կտա: Շահնազարյանի ասելով` ձուն 5 դրամի չափով թանկացել է միայն շատ փոքր խանութներում, իսկ մեծ խանութների 90 տոկոսի մոտ թանկացում չի եղել: ՚Այս իրավիճակից փորձել են օգտվել միայն որոշ առաքիչներ, իսկ արտադրողներն ի լուր բոլորի հայտարարել են, որ չեն թանկացնելուՙ,- նշեց նա:

Հանձնաժողովն իր ուշադրությունն կկենտրոնացնի հատկապես բուսական յուղի շուկայի վրա, որտեղ գների աճն աննախադեպ է եղել: Այդ պատճառով ՏՄՊՊՀ-ն դիմելու է բուսական յուղ ներկրող երեք խոշոր սուբյեկտներին` ՚Վալեքս գրուպՙ, ՚Վազՙ ընկերություններին եւ անհատ ներկրող Ֆելիքս Կարապետյանին, տեղեկություններ ներկայացնել մարտի 3-5-ն ընկած ժամանակահատվածում ապրանքի գնի մասին: Ըստ այդմ` նրանք կներկայացնեն իրենց հաշիվապրանքագիրների պատճենները, որոնք հետագայում կհամեմատվեն խանութներում առկա գների հետ: Ինչպես նաեւ` նրանք կպարտավորվեն տեղեկություններ ներկայացնել մարտի 1-ի դրությամբ իրենց ապրանքների պահուստային ծավալների մասին:

Շահնազարյանը բոլորին հանգստության կոչ արեց` ասելով, թեեւ հիմա անցումային շրջանն ենք ապրում, սակայն բոլոր պահեստներում անսահմանափակ քանակությամբ ապրանքներ կան ու պետք չէ խուճապի մատնվել: ՚Գները համամասնորեն իջնելու են: Եթե արդեն կա դոլար-դրամ նվազում, ապա ապրանքների գներն էլ կնվազեն: Գնանկում կա, ուղղակի դուք դա չեք նկատումՙ,- վստահեցրեց նա` իր խոսքը հիմնավորելով առավոտյան արդեն բենզինի գնի 10 դրամով իջեցումը` 310 դրամից 300 դրամ դառնալը: Ի դեպ, ընդամենը մեկ շաբաթ առաջ բենզինը վաճառվում էր 1 լիտրը` 250 դրամով: