Փոփոխություններ վարկային շուկայում
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացմանը զուգահեռ որոշ բանկեր սկսեցին վերանայել վարկերի թե տոկոսադրույքները, թե ժամկետները: Հատկապես դա վերաբերում է հիփոթեքային եւ ավտոմեքենաների գնման համար տրամադրվող վարկերին:
Նույնիսկ, ըստ որոշ տեղեկությունների` որոշ բանկեր իրենց հաճախորդների հետ նախկինում ՀՀ դրամով կնքված պայմանագրերը որոշել են վերանայել, ԱՄՆ դոլարով, ավելացված տոկոսադրույքներով կնքել նոր պայմանագիր: Ի դեպ, մեր կողմից հարցված բոլոր բանկերը ժխտեցին այդ փաստի առկայությունը:
՚ԲՏԱՙ բանկից տեղեկացրին, որ ոչ թե դոլարի բարձրացման, այլ ճգնաժամի արդյունքում այսօր այլեւս հաճախորդներին վարկ չեն տրամադրում` ապրանքների ապառիկ գնման համար: Ինչ վերաբերում է մյուս վարկերին, ապա ավտովարկերի շուկայում կանխավճարի տոկոսներն են բարձրացել` 30 տոկոս կանխավճարի փոխարեն այժմ պետք է մուծել 50 տոկոս: Ինչ վերաբերում է հիփոթեքային վարկերին, ապա պակասել է գումարի մարման ժամկետը` նախկին 10 տարվա փոխարեն այն հիմա 5 տարի է դարձել, իսկ 17 տոկոս տոկոսադրույքն այժմ դարձել է 19 տոկոս: Բանկից տեղեկացրին նաեւ, որ եթե սկսեն նորից, այսպես կոչված ՚ ապառիկներՙ տրամադրել, ապա այդ տոկոսադրույքներում էլ բարձրացումներ կլինեն: Սակայն առայժմ դեռ պարզ չէ, թե երբ կտրամադրվեն դրանք:
՚Ամերիաՙ բանկն էլ մարտի 5-ին 1 տոկոսով իջեցրել է ԱՄՆ դոլարով բիզնես վարկերի տոկոսադրույքը: Օրինակ` փոքր եւ միջին բիզնեսին տրամադրվելիք տոկոսադրույքը նախկին 18-22 տոկոսի փոխարեն արդեն 17-21 տոկոս է: Ինչպես բանկից ՚Ա1+ՙ-ին փոխանցեցին` այս քայլի նպատակն է խթանել ՚ձեռնարկատիրական գործունեության զարգացման ընդլայնումը Հայաստանում, ինչպես նաեւ արտերկրից դոլարով ներկրվող ապրանքների գների հնարավոր բարձրացման զսպումըՙ: Բանկից վստահեցրին որ այլ փոփոխություններ չեն եղել:
՚Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկՙ-ի առեւտրային վարկերի բաժնի պետ Արայիկ Ասրյանը մեզ եւս տեղեկացրեց, որ դոլարի բարձրացման հետ կապված տոկոսադրույքների բարձրացում չի եղել: Թեեւ բանկը հիփոթեքային վարկեր ներկայումս տրամադրում է իր միայն 7-10 տարվա հաճախորդներին: Այս վարկի տոկոսադրույքը, Ասրյանի վստահեցմամբ` մնացել է նույնը` միջինը 7 տարվա համար 4 եւ 16 տոկոս: ՚Մենք ընդհանրապես ոչ մի փոփոխություններ չենք արել, քանի որ պայմանագիրն արդեն կնքված է, եւ մարդը գումարը ստացել է: Չի կարելիհաճախորդների հաշվին բանկի դիրքը լավացնել: Մոտ 140 հազար հաճախորդ ունենք ու կարող եք նրանցից հարցնել այդ մասինՙ,- ընդգծեց Ասրյանը:
՚Էյչ էս բի սիՙ բանկից էլ տեղեկացրին, որ մինչեւ դոլարի բարձրացումն է բանկում փոփոխություններ եղել եւ արդեն մոտ մեկ ամիս է` բանկը ժամանակավորապես դադարեցրել է անհատական վարկերի տրամադրումը: Պատճառը, ըստ բանկի պատասխանատուների` այն է, որ շուկայում ռիսկերը բարձրացել են: Իսկ տոկոսադրույքի բարձրացում եղել է 2008թ. վերջին միայն նոր վարկերի տրամադրման համար: Դրանք վերաբերել են անհատական բոլոր վարկերին` հիփոթեքային, սպառողական, ավտոշուկա: Այս շուկաներում տոկոսադրույքի բարձրացում եղել է 2-3 տոկոս:Իսկ վարկի վերանայում կարող է լինել միայն ՀՀ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման եւ այլ տոկոսադրույքների փոփոխման հետ կապված: Նշենք, որ ԿԲ-ն 1 տոկոսով տոկոսադրույքը բարձրացրել է, իսկ ՚Էյչ էս բի սիՙ-ի փոփոխական վարկերը կախված են դրանից եւ համապատասխանաբար իջնում կամ բարձրանում են: Այդ վարկերը հենց անհատական վարկերն են:՚Մենք դեռ չենք պլանավորել բարձրացնել վարկերի տոկոսադրույքները, բայց հնարավոր է դա, քանի որ ԿԲ-ն արդեն դա արել էՙ- նշեցին բանկից: