Երգիչները չեն քաղաքականացվո՞ւմ
Աջակցիր «Ա1+»-ինԵրգիչները ՚կարոտ ենՙ մարզեր գնալու, դրա համար ստիպված են քաղաքականացվել, որպեսզի իշխանությունների աջակցությամբ ընտրությունների նախաշեմին մարզերում համերգներով հանդես գան, հանդիպեն իրենց երկրպագուների հետ:
Այս եզրակացությանը կարելի է հանգել վաստակավոր արտիստուհի, երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ զրույցից: Նա չի կարծում, թե նախընտրական շրջանում երգելով` երգիչները քաղաքականացվում են: Եվ նրա կարծիքով, եթե երգիչ-երգչուհին սիրված է, անկախ նրանից` իշխանության հետ է, թե ընդդիմության, մարդիկ նրան սիրում են:
՚Երգիչն անում է իր գործը, դուք պետք է տեսնեք, թե ինչ ուրախություն է մեզ համար մարզերում հանդես գալը, Սովետի ժամանակ էր, որ ես պակասը չեմ զգացել շրջաններ գնալու. հիմա եթե 4 տարին մեկ լինում է նման բան, պետք չէ դրան դեմ լինել. ամեն երգիչ ունի իր քաղաքական մոտեցումը, եթե նա չի ցանկանում, ոչ ոք նրան չի ստիպում, դրա մեջ վատ բան չեմ տեսնումՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց Սյուզան Մարգարյանը:
Իսկ մեր հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ կոչումներ ու դափնիներ ստանում են միայն իշխանության տեսակետը կիսող կամ իշխանության համար երգող երգիչները, Սյուզան Մարգարյանն նախ չհամաձայնեց, ապա ասաց. ՚Դուք չե՞ք տեսնում, չե՞ք հետեւում` ինչ է կատարվումՙ:
Երբ խնդրեցինք մեկ ընդդիմադիր հայացքներ ունեցող երգչի անուն ասել, որին կոչում, շքանշան, կամ էլի ինչ-որ բան են տվել, տիկին Մարգարյանն ասաց. ՚Հենց այս վայրկյանին կդժվարանամ հիշել, բայց շատ հաճախ տեսել եմ, որ հիշեմ, ձեզ տեղյակ կպահեմ, բայց եղել է, համենայն դեպս, անուններ չտամ, թատրոնի դերասաններ եղել են, որ լինելով օպոզիցիոն կողմից` ստացան կոչումներ, դա շատ գովելի փաստ էՙ:
Սյուզան Մարգարյանը հանդուրժող է նաեւ հեռուստատեսային մշակույթի հանդեպ, թեեւ սերիալների մակարդակից այնքան էլ գոհ չէ. ՚Համոզված եղեք, որ այսօր հայկական սերիալներն ավելի շատ են նայում, մեր սերիալներ ավելի լավն են, քան բրազիլիականները, շատերն էլ ասում են, թե չեն նայում հայկական սերիալ, բայց նայում են. կինոինդուստրիան թեկուզ թող այսպես սկսվի եւ մեծ զարգացում ապրի, ի վերջո ինչ-որ բան սկսվում է ոչ շատ բարձր որակից ու զարգանում է, հաստատ կունենանք զարգացում, մարդիկ թող նայեն մեր սերիալներըՙ,- կոչ է անում Սյուզան Մարգարյանը: Միեւնույն ժամանակ նկատում, թե իրենց ընտանիքում սերիալներ չէին նայում, քանի դեռ ամուսինը չսկսեց նկարահանվել սերիալում: Նա նկատեց, որ ամուսինը` Հրաչյա Հարությունյանը, գրեթե բոլոր սերիալներից առաջարկ ստացել է, բայց ընդունել է միայն ՚Լքյալներիՙ առաջարկը, որովհետեւ կերպարային առումով իրեն դուր է եկել սյուժեն:
Սյուզան Մարգարյանն, այնուամենայնիվ, մի բանին դեմ արտահայտվեց. ՚Ես կողմ եմ ոչ ուռճացնելուն ոչ ցանկալի հերոսներին, չի կարելի, դա արդեն մենք դեմ ենք խոսում մեր սերունդներին, եկող սերունդներին, դրա իրավունքը չունենքՙ:
Ի դեպ, ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում Սյուզան Մարգարյանը հաստատեց դստեր` Սիրուշոյի եւ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու` Լեւոնի նշանադրության փաստը: