Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճգնաժամ` ՚լավ ստարտայինՙ պայմաններով

Տնտեսություն

Մինչ խանութներում դրամի արժեզրկման հետ բավականին աճել են առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գները, կառավարությունը շարունակում է պնդել, որ Հայաստանում գնաճն ընդամենը 8 տոկոս է եղել: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում նկատեց, որ ՚8 տոկոսանոց գնաճ կանխատեսել է Արժույթի միջազգային հիմնադրամը, նաեւ կառավարությունը այն տեսակետին է, որ ամենայն հավանականությամբ, տարվա վերջին կունենանք 8 տոկոսանոց գնաճՙ:

Ըստ Մինասյանի` մեր երկրի պարագայում հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կայունությունը եղել է անկյունաքար. ՚Բարձր գնաճը կործանարար հետեւանքներ կարող է ունենալ տնտեսության համար, 8 տոկոսն էլ ցածր գնաճ չի, որովհետեւ մենք երբեք այդքան բարձր գնաճ չենք ունեցելՙ: Գագիկ Մինասյանի կարծիքով` բավականին ծանր կլինի նաեւ 8 տոկոս գնաճի պարագայում, բայց համեմատած մյուս երկրների հետ, որոնց մոտ 15-20 տոկոս գնաճն արդեն սովորական երեւույթ է, ավելի հեշտ կլինի:

Մինասյանը նաեւ ընդունում է, որ Ճգնաժամի առաջին փուլը` ֆինանսականը, ոչ մեր հասարակությունը, ոչ տնտեսվարողներն ու բանկային համակարգն, ըստ էության չզգաց. ՚Դրա պատճառը երկուսն է. առաջին, մեր արժեթղթերի շուկան թերզարգացած է, եւ երկրորդ, որ բոլորն են ընդգծում. մենք ունենք բավականին կոշտ վերահսկվող բանկային համակարգ, որը թույլ չի տալիս, որ բանկային համակարգի կողմից իրականացվեն տնտեսապես չհիմնավորված գործարքներ. ահա սա էր պատճառը, որ կարողացանք հաղթահարել առաջին փուլը, իսկ այդ փուլում զոհեր շատ եղան` Ուկրաինան, Լատվիան, Ղազախստանըՙ: Այժմ նրանց համար, ըստ Գագաիկ Մինասյանի, երկրորդ փուլին դիմակայելը շատ ավելի բարդ է. ՚Մեր մոտ առաջին փուլն առանց որեւէ հետեւանքի ավարտվեց. մենք մտել ենք երկրորդ փուլ բավականին լավ ստարտային պայմաններումՙ:

Նա ճգնաժամի երկրորդ փուլին անցում շատ սահուն է գնահատում: