Վճարումը կատարե՞լ են
Աջակցիր «Ա1+»-ին"Բջնիի" գումարն իրականում չի վճարվել պետբյուջե: Այսօր այսպիսի եզրակացությամբ հայտարարություն է տարածել "Բջնի հանքային ջրերի գործարան՚" ՓԲ ընկերությունը, որը բազմիցս դիմել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` խնդրելով տրամադրել կատարողական վարույթի նյութերը, սակայն առ այսօր ԴԱՀԿ ծառայությունը չի տրամադրում դրանք:
"Ավելին, ԴԱՀԿ ծառայությունը պասիվ վարքագիծ է ընտրել նաեւ աճուրդով օտարված ապրանքները գնորդին հանձնելու հարցում: Կատարողական վարույթի նյութերի պատճենների չտրամադրելու պատճառը կարծում ենք շատ պարզ է, գումարն իրականում չի վճարվել: Համոզված ենք, որ որևէ բանկային փոխանցում չի իրականացվել այս ընթացքում: Եվ ԴԱՀԿ ծառայությունը հավանաբար կեղծ դրամարկղի մուտքի անդորրագիր պատրաստելով սպասում է, որ փաստացի գումարը համալրվի",- ասված է հայտարարության տեքստում:
Ըստ ընկերության` այդ է պատճառը նաեւ, որ մինչեւ հիմա գումարը (որը պետք է մուտք եղած լիներ մինչև 19.02.2009թ.) չի փոխանցվել պետական բյուջե` Պետական եկամուտների կոմիտեին (պահանջատիրոջը), չի տրամադրվել գումարների բաշխման տեղեկանք և ավելացված գումարը չի վերադարձվել պարտապանին:
Հայտարարության տեքստում "Բջնի հանքային ջրերի գործարան" ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն` Լաերտ Հարությունյանը հարցնում է. "Ինչու ԴԱՀԿ ծառայությունը ՙստացված՚ ահռելի գումարը չի փոխանցում պետական բյուջե, ինչն է պատճառը: Եվ ինչու է ԴԱՀԿ ծառայությունը խուսափում կատարողական վարույթի նյութերը Ընկերությանը տրամադրելուց, այն դեպքում, երբ նա պարտավոր է դրանք տրամադրել":
Այս մասով "Բջնիի" տնօրինությունը ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ ոստիկանությանը խնդրում է ստուգել` փաստացի կանխիկ դրամն առկա է ԴԱՀԿ դրամարկղում, թե` ոչ եւ ինչ հանգամանքներում է գումարը բերվել ԴԱՀԿԾ (ով է բերել, երբ է բերել, ով է ընդունել և այլն) եւ ինչու այն մինչև հիմա չի բաշխվել պարտատիրոջը, եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկել:
Նամակն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին:
"Ա1+"-ը փորձեց ԴԱՀԿ-ից ճշտել, թե ինչու չեն տրամադրվում պահանջվող փաստաթղթերի պատճենները. "Վարույթի մասնակից կողմերը կարող են քաղվածք կատարել գործից, օրենքի այդ հնարավորությունից իրենք անխոչընդոտ կարող են օգտվել, իսկ որ 8 հատոր գործը մենք պետք է պատճենահանենք եւ տրամադրենք իրենց, դա օրենքով նախատեսված չի",- ասաց ԴԱՀԿ մամլո խոսնակ Ռուբեն Գրդզելյանը: Իսկ վճարման անդորրագրերը ինչո՞ւ չեն տրամադրվում` հարցին էլ պատասխանեց. "Իրենք կարող են գան, նստեն, դիտեն, կարդան, քաղվածք կատարեն, ինչը եթե չեն արել, ապա այս հայտարարությունն իրենց կողմից քաղաքական շահարկում է":
Նա մեզ վստահեցրեց, որ "գումարը փոխանցվել է օրենքով նախատեսված կարգով` աճուրդից երեք օր հետո, բաշխվել է ըստ հոդվածների` պետգույքի, պետեկամուտների կոմիտեներին եւ ԴԱՀԿ` կատարողական ծախսերի համար. "Ես անձնապես կատարողական ծախս եմ ստացել",-"Ա1+"ասաց Ռուբեն Գրդզելյանը: Հիշեցնենք,որ "Բջնին" աճուրդով գնել է գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: