Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

"Նաիրիտը" սնանկ կճանաչվի՞

Տնտեսություն

"Նաիրիտ" ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու հայցով "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերությունը դիմել է դատարան:

Իսկ թե ինչքան է կազմում պարտքը' ՀԷՑ-ի լրատվական բաժնում չհայտնեցին, միայն ասացին, որ գործն արդեն դատարանում է:

Իսկ "Նաիրիտ" գործարան ՓԲԸ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն էլ "Ա1+"-ին ասաց, որ սա առաջին դեպքը չէ, երբ գործարանի դեմ հայց է ներկայացվում. "Սա երեւի 20-30-րդ դեպքն է, որ դիմում են սնանկացման կարգով":

Գործարանն առայժմ, ըստ Անուշ Հարությունյանի, դեռեւս ամբողջությամբ չի աշխատում: Գործարանը դեկտեմբերի 17-ից դադարեցրել է իր աշխատանքները' համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով:

"Որպեսզի կարողանան բոլոր արտադրամասերը աշխատեն, պրոցեսի մեջ մտնեն, բավականին երկար ժամանակ է պետք: Գործընթացը սկսել է մարտի սկզբներից եւ ամենայն հավանականությամբ 1 շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում կավարտվի: Դա նշանակում է, որ ապրիլի կեսերին մենք արտադրանք կտանք",- ասաց Անուշ Հարությունյանը:

Գործարանը ունի մոտ 3000 աշխատող, որոնցից 1500-ը գտնվում էին հարկադիր պարապուրդում: Սակայն գործարանի վերագործարկման հետ կապված հիմա հարկադիր պարապուրդում գտնվողների թիվը հասնում է 700-ից 800-ի, որոնք էլ, ըստ մամուլի քարտուղարի, մինչեւ մարտի վերջ կհրավիրվեն աշխատանքի

Նշենք, որ գործարանի բաժնետոմսերի 90%-ը պատկանում է Rhinoville Prwperty Limited ընկերությանը, իսկ 10%-ը' ՀՀ կառավարությանը: