«Բջնիի» աճուրդն անվավեր ճանաչվեց
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՀՀ Վարչական դատարանը չեղյալ է հայտարարել «Բջնի» գործարանի գույքի եւ գույքային իրավունքների աճուրդ-վաճառքը: Այս մասին «Ա1+»-ը տեղեկացավ «Բջնի» ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանից:
Դա նշանակում է պետք է գնորդից հետ վերցվի գույքը եւ արդեն ընթանա այլ`սնանկացման գործընթաց:
«Այն պայմաններում, որ վաճառվել է «Բջնին», ԴԱՀԿ ծառայությունը պարտավոր էր կատարողական վարույթը կասեցնել, որովհետեւ պահանջի չափը, գույքի գնահատման գումարը, իրականում ավելի քիչ էր, քան ԴԱՀԿԾ-ի պահանջը: Այսինքն` լոտի գինն ավելի փոքր էր, քան Հարկադիրի պահանջը: Այս դեպքում պետք է ԴԱՀԿԾ-ն կասեցներ վարույթը եւ դիմեր սնանկության ճանաչման պահանջով: Այսինքն, այն, ինչ 4 ամիս առաջ մենք ասում էինք»,-«Ա1+»-ին ասաց Արա Զոհրաբյանը:
Իսկ «Բջնին» աճուրդով գնած գործարար, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն «Ա1+»-ից իմացավ նորությունը եւ որեւէ կերպ չցանկացավ մեկնաբանել: «Զարմանալի է, որ այդպիսի բան է եղել, բայց ես հո դատարանից բարձր չեմ, որ որեւէ բան ասեմ, կամ գնահատեմ կատարվածը»,-«Ա1+»-ին ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Դատական որոշումը կարող է բողոքարկվել: