Ֆիլմ Հաճընի մասին
Աջակցիր «Ա1+»-ինԼրագրող Գայանե Առաքելյանի « Հաճըն» 30 րոպեանոց ֆիլմը Լեռնային Կիլիկիայի Հաճըն եւ 1958 թվականին ստեղծված Հայաստանի Նոր Հաճըն քաղաքների մասին:
Ֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր «Նարեկացի» արվեստի միությունում: Ֆիլմը պատմում է Լեռնային Կիլիկիայի' Հաճըն ծաղկուն քաղաքի, նրա մղած ազատագրական պայքարի եւ թուրքական գերակշիռ ուժերի կողմից ավերման մասին: Հաճընը ներկայումս մի աննշան գյուղաքաղաք է Սաիմբեյլի անունով, որն ունի մոտ 5000 բնակիչ:
Ֆիլմից կարելի է իմանալ, թե երբ է ստեղծվել մեր այսօրվա Նոր Հաճընը, ինչ գործարաններ կան , իմանալ նրա համաքաղաքային տոնի մասին, որը նշվում է ամեն տարվա հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը:
Ֆիլմում պատմվում է նաեւ Արցախյան պատերազմի ժամանակ առաջինը զոհված, ազատամարտիկ Էդիկ Տոռոզյանի մասին:
Ի դեպ, Նոր Հաճընի քաղաքապետարանը, ֆիլմի հեղինակի խոսքերով, շատ քիչ գումար է հատկացրել ֆիլմի ստեղծման համար:
«Քաղաքապետարանը գումար է տվել միայն ֆիլմի մոնտաժի եւ սցենարի համար: Քաղաքապետարանը ցանկություն ունի, բայց հնարավորություն չունի, հատկապես այս ճգնաժամի պայմաններում, մենք ուզում էինք հովանավոր գտնեինք եւ գոնե 100 օրինակ բազմացնեինք եւ բաժանեինք: Հույս ունենք, որ կցուցադրվի հեռուստատեսությամբ եւ բոլորը կտեսնեն մեր նախնիների ազատագրական պայքարը»,- ասաց Գայանե Առաքելյանը:
Գայանեն թեեւ ծնունդով Ջավախքից է, բայց արդեն 8 տարի է ապրում է Նոր Հաճընում: «Ես ծանոթացել եմ իրենց խնդիրներին, պրոբլեմներին եւ իրենց արմատներին: Հաճընցիները միշտ շատ համառ են եղել, շատ հետեւողական անձնավորություններ, համենայնդեպս ում հետ շփվել եմ, այդպիսի տպավորություն եմ ստացել»,- ասում է ֆիլմի հեղինակը: