Թատրոնը PR-ի կարիք ունի
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է այսօր եւ փորձեցինք ճշտել, թե մեր համաքաղաքացիներն որքանո՞վ են թատերասեր ու ի՞նչ է թատրոնը նրանց համար:
Մեր կողմից հարցված քաղաքացիներից շատերը մի կողմից շատ ուրախացան, որ թատերական գործիչները տարվա մեջ գոնե մեկ անգամ մեծարվում են: Սակայն մյուս կողմից նրանք մի քանի պատճառներով հիասթափված էին հայասատանյան թատրոններից: Նրանցից շատերը կարծում են, որ մեր թատրոններին պակասում են թարմ, նոր գաղափարները, որոնք պետք է արտացոլվեին ներկայացումների սցենարներում:
Քաղաքացիներից մի քանիսն էլ կարծում էին, որ դերասաններն են անտարբեր դարձել իրենց աշխատանքի նկատմամբ ու ամեն ինչին մատների արանքով են նայում: Իրավաբան 25-ամյա Նվարդ Մանուկյանի կարծիքով' դրա պատճառն այն է, որ դերասանն այսօր շատ ցածր աշխատավարձ է ստանում եւ որքանով էլ արվեստի նվիրյալ լինեն, ընտանիք պահելու խնդիր ունեն:
«Շատ են քննադատում այսօրվա սերիալները եւ հատկապես այն, որ թատրոնի դերասաններն են այնտեղ խաղում: Ինձ համար, սակայն, կարեւորն այն է, որ դերասանները գործ ունենան, բարձր աշխատավարձ ստանան ու իրենց աշխատանքով իրենց ընտանիքը պահեն: Սերիալներում նրանց նկարահանվելը միգուցե սկիզբն է, որ հետո այդ ֆոնի վրա զարգանա կինոն: Դերասանների համար էլ է դա լավ, քանի որ հասարակության մեջ նրանք սկսում են ճանաչում ձեռք բերել»,- «Ա1+»-ին ասաց Նվարդը:
Շատերի համար թատրոնը ուսուցողական լինելուց բացի նաեւ հաճելի ժամանցի վայր է, որտեղ պետք է գնալ հանգստանալու: «Ես չեմ գնում թատրոն, որ այն ինձ խորը փիլիսոփայություն տա, դա ես գրքերից էլ կստանամ: Ես գնում եմ թատրոն զուտ հաճույք, բավարարվածություն ստանալու համար: Փոքրուց միշտ սիրել եմ թատրոնը: Այն ժամանակ թաքուն' առանց տոմսի էինք ընկերներով սողոսկում թատրոն, իսկ հիմա ընտրողաբար եմ գնում թատրոն. ամեն թատրոն չեմ սիրում»,- ասաց 30-ամյա Գարեգին Մարգարյանը:
«Թատրոն ընդհանրապես շատ եմ հաճախում, քանի որ ընկերուհիս էլ դերասանուհի է: Սակայն ճիշտն ասած, ամեն անգամ թատրոնից դուրս գալիս ասում եմ, որ էլ չեմ գնալու: Առանձնապես ինձ դուր չի գալիս դերասանների ոչ պրոֆեսիոնալ, անտարբեր վերաբերմունքը թատրոնի նկատմամբ: Ինչպես նաեւ'չի հետաքրքրում սցենարների ընտրությունը:
Սեդրակ Գասպարյանի կարծիքով էլ' թատրոնը լավ PR կարիք ունի: «Մի ներկայացման էի գնացել, որտեղ շատ լավ դերասաններ էին խաղում, սցենարն էլ շատ թե քիչ լավն էր, սակայն հանդիսատես չկար»,- ափսոսանքով պատմեց նա:
ՀՊՄՀ բանասիրական բաժնի 21-ամյա ուսանողուհի Մարինե Ղարիբյանն էլ կարծում է. «Երիտասարդությունն այսօր չի սիրում թատրոնն ու շատ հազվադեպ է հաճախում. ավելի շատ նախընտրում է ժամանցային վայրերը: Իսկ ես թատրոնից աշխատում եմ լավ, դրական գծերը վերցնել, խորանալ կյանքի իմաստի մեջ' որ պարագայում ինչպես պետք է վարվել»: