Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

300 ֆիլմ` 60 երկրներից

Մշակույթ

"Ոսկե Ծիրան" միջազգային կինոփառատոնն այս տարի կկայանա 6-րդ անգամ հուլիսի 12-19-ը:
6-րդ "Ոսկե Ծիրան"-ը կպահպանի արդեն մշակված ձևաչափը. Փառատոնը կունենա 3 հիմնական ծրագիր` միջազգային խաղարկային և վավերագրական ինչպես նաև Հայկական համայնապատկեր մրցույթները:

Մրցութային ծրագրերի համար հայտերի ընդունումը սկսվել է հունվարից, վերջնաժամկետը ապրիլի 30-ն է: Մինչև օրս ստացվել են շուրջ 300 ֆիլմեր 60 երկրներից:

Այս տարի 3-րդ անգամ "Ոսկե Ծիրան" կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 14-16-ը կկայանա "Ռեժիսորներ առանց սահմանների" տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը, որը նպատակ ունի խթանել համատեղ ֆիլմարտադրությունը:

"Ոսկե Ծիրան"-ն այս տարի հատուկ անդրադարձ կկատարի եվրոպական կինոյին. փառատոնը շարունակում է համագործացկել Յունիֆրանս միջազգային ցանցի, Գյոթե ինստիտուտի և մի քանի այլ կառույցների հետ, որոնք ամեն տարի տրամադրում են լավագույն եվրոպական ֆիլմերը:

Արևելք-արևմուտք հավասրակշռության պահպանման համար այս տարի նույնպես կկայանա "Արաբական գիշերներ" կինոծրագիրը, որն անցյալ տարի մեծ հետաքրքրություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում:

Հետահայաց ցուցադրությունների շարքն այս տարի կառանձնանա հայկական անուններով. մի շարք հոբելյանների առթիվ մեկական երեկո կնվիրվի հայ կինոյում իրենց հետքը թողած գործիչների` Բագրատ Հովհաննիսյանի և Արման Մանարյանի` 80-ամյա և Ներսես Հովհաննիսյանի 70-ամյա հոբելյաններին: Իսկ ՎԳԻԿ-ի 90 ամյակի առթիվ կցուցադրվեն այդ հաստատության շրջանավարտ հայ ռեժիսորների դիպլոմային աշխատանքները, որոնց թվում են Արման Մանարյանի "Տժվժիկը", Արտավազդ Փելեշյանի "Սկիզբը" և այլն:
Տեղեկատվությունը տրամադրել է կինոփառատոնի մամլո ծառայությունը: