Համարժեք պատասխան մարդկությանը
Աջակցիր «Ա1+»-ինԵրկրագունդը շնչում է եւ համարժեք պատասխան տալիս մարդկանց բոլոր քայլերին:
Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիետա Կարապետյանն այդ ամենը փորձել է օրինակներով ապացուցել իր «Բնությունը եւ էթիկան» գրքում: Ըստ նրա' այն, ինչ մտածում ենք, դա էներգիայի որոշակի տեսակ է եւ չի անհետանում, այլ կուտակվում է մթնոլորտի որոշակի շերտերում եւ ստեղծում բանականության ոլորտը: Գլոբալ տիեզերական այս ուղեղը, ըստ տիկին Կարապետյանի, սկսում է մեզ ղեկավարել: Այն ունի հիշողություն եւ կարող է վերլուծել երկրից ստացած ինֆորմացիան ճիշտ այնպես, ինչպես մարդու գլխուղեղը, եւ ռեֆլեկտոր աղեղով վերադարձնել մեզ:
«Երբ ասում են, թե երկրագունդը կամ եղանակը գժվել է, դա իսկապես այդպես է, քանի որ դա երկրագնդի պատասխան ռեակցիան է մեր արածին»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Մարիետա Կարապետյանը: Այդ պատճառով, ըստ նրա' ինչքան դրական հույզեր ունենանք, ինչքան բարին խոսենք, խորհենք, բարեգործություն անենք, այնքան այն մեզ կվերադառնա, քանի որ տիեզերքում գործում է բումերանգի օրենքը' «Լավություն արա, ջուրը գցի», «Փոս փորողն ինքը կընկնի մեջը»:
Նրա կարծիքով' երկրագունդն առողջ պահելու համար մենք մեր հոգեկան աշխարհը պետք է առողջացնենք: «Հայտնի է, որ հիվանդը եթե ուզում է առողջանա, պետք է դեպի լավը տրամադրվի, նրա շուրջը բարի մթնոլորտ ստեղծվի, այսինքն' առողջանա հոգին: Իսկ երկրագնդի հոգին ձեւավորվում է մեր բոլորի հոգիների հանրագումարով: Այդ պատճառով պետք է մեր հոգու էկոլոգիայի մասին մտածենք»,-ասում է նա:
Երկրագունդը, ըստ նրա, ունի նաւ իր իմունիտետը: Գիտնականի կարծիքով' այնպիսի անբուժելի հիվանդություններ, ինչպիսիք' քաղցկեղն է, սրտանոթային հիվանդությունները եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, երկրագնդի իմունիտետի դրսեւորումներն են: Տիկին Կարապետյանի վստահեցմամբ' որքան էլ մենք փորձենք հակազդող միջոցներ հնարել դրանց դեմ, այդ հիվանդությունները միայն ամրանում են: «Երկրագունդն ավելացող անբուժելի հիվանդություններով պայքարում է անիրավ մարդկության դեմ, ինչպես որ մեր օրգանիզմի հակամարմինները կպայքարեին ներթափանցած ինֆեկցիայի դեմ»,- կարծում է նա:
Մեր այն հարցին, թե եթե այդ հիվանդությունները սպանում են ազնիվ մարդկանց, ապա ո՞րն է այստեղ պայքարը, տիկին Կարապետյանը պատասխանեց. «Ուրեմն նրանք հոգեւոր ոլորտում ինչ-որ խնդիրներ ունեն: Օրինակ' վիրավորվածություն ունեն ինչ-որ մի բանից: Եթե մարդը դա գիտակցեց, որ թեկուզ փոքր տարիքում նա նեղացած է եղել ինչ-որ մեկից, ապա նրա հիվանդությունը կլավանա, քանի որ շատ են դեպքերը, երբ ծանր փուլում գտնվող քաղցկեղով հիվանդը բուժվել է»: