Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեւանը տուն կանչող մայր է»

Մշակույթ

Սուրբ Զատկի տոնին նվիրված իր լուսանկարներն էր ցուցադրել հայրենիքից հեռու ապրող, ամերիկահայ Ռոբերտ Կարապետյանը: Նրա նկարները ցուցադրվեցին Նյու-Յորքի Սուրբ Պատարագի «Ջի» սրահում, որտեղ ներկայացնում էր Էրեբունի-Երեւան քաղաքի 2750-րդ տարեդարձին նվիրված 17 լուսանկարներ:

Երբ Երեւանը 2008 թվականին տոնում էր իր ծննդյան 2790 ամյակը, Ռոբերտ Կարապետյանը հանդիսությունների կառավարական պաշտոնական հյուրն ու ֆոտոթղթակիցն էր: Նա այդ ընթացքում լսեց հայրենակիցների խանդավառ ելույթները, խոսքն ու պատգամը: Նրա միտքն ու հայացքը տոնակատարության ժամանակ որսացին Երեւանի լույսն ու ստվերը, գույնն ու շարժումը, որոնք անմահացան շուրջ 35 նկարներով:

Ըստ ներկաների` ցուցահանդեսը ուսուցողական է եւ դպրոցականները եւս պետք է այն դիտեն: Դպրոցականները ցուցահանդեսը դիտեն ոչ միայն որպես լավ նկարչություն, այլ պատմություն` մեր անցյալի, ներկայի ու գալիքի: Ինչպես նաեւ` նրանք պետք է հասկանան ու ընկալեն, որ «մայրաքաղաք Երեւանը տուն կանչող մայր է»:

Ցուցահանդեսի ընթացքում Նյու-Յորքի 5-րդ փողոցի որոշ հատվածներում Սուրբ Զատիկին նվիրված ժողովրդական շքերթ էր, իսկ Սուրբ Վարդան մայր Տաճարի զանգակներն այդ ժամանակ ղողանջում էին` «Քրիստոս հարեավ ի մեռելոց»` ապացուցելով համայն մարդկությանը, թե «բարին մեռցնել, վերացնել անհնար է»:

Հասմիկ Գուլյան
Նյու- Յորք