Ցույց Գյումրիում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում հերթական անգամ դժգոհում էին անհատական ծառայություն մատուցող տաքսու վարորդները: Պատճառը՝ առանց արտոնագրման ուղեւորափոխադրում իրականացնելու համար տուգանքների կիրառումն է: Ըստ վարորդների, արձանագրություններ են կազմվել մոտ 15 վարորդների նկատմամբ:
Այսօր նրանք հավքվել էին Շիրակի մարզպետարանի մոտ: Նրանց խոսքերով' արդեն երկու օր է, ինչ նորից իրենցից սկսել են ուղեւորափոխադրում իրականացնելու իրավունքի փաստաթուղթ պահանջել:
Ճանապարհային ոստիկանները կանգնեցնում են անհատ տաքսիները, վերցնում փաստաթղթերը եւ ակտ գրում: Այնուհետեւ վարորդը հրավիրվում է պետավտոտեսչություն, ուր նրան առաջարկվում է արձանագրություն ստորագրել տուգանքի վերաբերյալ՝ փաստաթղթերը վերադարձնելու դիմաց:
Վարորդներին զայրացրել էր այն, որ խախտվել է չանհանգստացնելու մասին պետական տարբեր կառույցների կողմից նախօրոք իրենց տրված խոստումը: Իսկ այդ խոստումը ձեռք էր բերվել օրեր առաջ փոխմարզպետ Միքայել Վարդանյանի հետ ունեցած հանդիպումից հետո:
Վարորդների հետ այսօր դարձյալ հանդիպեց Միքայել Վարդանյանը: Վարորդների ներկայությամբ նա խոսեց Կապի ու տրանսպորտի նախարարության մարզային տեսչության ղեկավար Ալբերտ Դերձակյանի հետ: Նա ասաց, որ պատրաստ են վերադարձնել վարորդների փաստաթղթերը, եթե վերջիններս համաձայնվեն ստորագրել տուգանք վճարելու մասին արձանագրությունը:
Վարորդները չհամաձայնեցին այս առաջարկությանն ու տեղեկացրին, որ մայիսի 14-ին Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի բաց տարածքում բողոքի ակցիա կսկսեն, որտեղ կորոշվի հետագա անելիքները:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ