Թավջութակահարուհին նաեւ կերգի
Աջակցիր «Ա1+»-ին«Այս փառատոնը ներկայացավ որպես պրիեմերաների փառատոն' թե մասնակիցների, թե ստեղծագործությունների առումով»,- այսօր ամփոփելով փառատոնը' ասաց «Ազգային Պատկերասրահ» փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը:
Իսկ փակման օրը, ըստ նրա. «Համերգը շատ յուրահատուկ կլինի, որտեղ կհնչեն ամերիկյան եւ հայկական արդի երաժշտություններ»:
Մայիսի 29-ին Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կհնչի կոմպոզիտորներ Վաչե Շարաֆյանի եւ Լիզա Բիլավայի ստեղծագործությունները:
Ըստ Մարիամ Շահինյանի' բոլորին անակնկալ է սպասվում, քանի որ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ջութակահարուհին' Կարլա Կիհլստեդը, նվագելուն զուգահեռ միաժամանակ նաեւ կերգի: «Դա աննախադեպ իրադարձություն է, մի քիչ մեր ականջի համար անսովոր, բայց հետաքրքրիր եւ հաճելի: Մենք մասնակից կդառնանք ժամանակակից երաժշտության մեկնաբանման»,- կարծում է Մարիամ Շահինյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱՄՆ-ից առաջին անգամ Հայաստան ժամանած երաժիշտները փորձեցին գտնել մեր եւ իրենց երաժշտությունների տարբերություններն ու նմանությունները:
Թավջութակահարուհի Կարլա Կիհլստեդի կարծիքով' մեր եւ ամերիկյան երաժշտությունների նմանություններն ավելի շատ են, թեեւ կա նաեւ տարբերություն, որը գալիս է երկրի չափսերից, լեզվի առոգանությունից. «Լեզուն հիմք է հանդիսանում, որ տվյալ երկրի լեզվով խոսող կոմպոզիտորը երաժշտությունը զգա իր ձեւով»:
Իսկ կոմպոզիտոր Լիզա Բիլավան կարծում է, որ թեեւ կան շատ տարբերություններ, սակայն կա նաեւ համընդհանուր կապ ամերիկյան երաժշտության հետ, որն էլ հանդիսացել է առիթ համագործակցության: Ի դեպ, վերջինս, որը մասնագիտությամբ գրականագետ է, ծանոթ է նաեւ Քուչակի ստեղծագործություններին, որից շատ տպավորված է. «Կլինի մի օր , որ հայերեն տեքստերով էլ կգրեմ»:
Հիշեցնենք, որ «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական հինգերորդ փառատոնը մեկնարկել է ապրիլի 22-ին: Փառատոնի հիմնական նպատակը հանրահայտ, ինչպես նաեւ Հայաստանում ճանաչում չունեցող տաղանդաշատ երաժիշտների, նվագախմբերի կատարմամբ հայ եւ համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումն է: