Ուզում են ստեղծել "Մանուկների թագավորություն"
Աջակցիր «Ա1+»-ին"Փիլատելփիա"-ի հաշմանդամ երեխաների խնդիրներով զբաղվող ՀԿ-ի գրասենյակը ամեն օր դասերի hետո լցվում է մի խումբ աշակերտների աշխատանքային աղմուկով:
Ավան Առինջ համայնքում գտնվող գրասենյակի կիսանորոգ սենյակները զարդարված են այս երեխաների աշխատանքներով: Նրանք այցելում են գորգագործության, խեցեգործության խմբակներ, շփվում հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ, մասնակցում քննարկումների:
ՀԿ նախագահ Հովիկ Իսրայելյանը նշում է, որ իրենց աշխատանքը հաշմանդամ երեխաներին մշակույթի միջոցով հասարակություն ինտեգրելն է եւ որ այս հարցում նրբանկատ ու զգույշ պետք է լինել:
"Դատարկ պատերից սկսեցինք ու հիմա անգամ ձայնագրման ստուդիա ունենք",-"Ա1+"-ին պատմեց կենտրոնի ղեկավարը եւ բացատրեց, որ ստուդիան բացել են կույր երաժիշտների համար, որպեսզի վերջիններիս հնարավորություն ունենան ձայնագրվելու եւ իրենց երգերը տարածելու:
Ներկայումս մանկանան երգչախումբն ու կույր երաժիշտների "Պեգաս" խումբն է աշխատում ստուդիայում, սակայն Հովիկ Իսրայելյանը նշում է, որ միջոցների բացակայության պատճառով երկար ժամանակ չեն կարողանում պահել երաժիշտներին:
"Վերջին երեք տարիներին մեր հիմնական խնդիրը լինում է ճամբարային ծրագրերի իրականացումը: Առաջին տարին 25 երեխաների համար էր, հետո' 70 հոգու: Այս տարի ուզում ենք 100 երեխայի տանել ճամբար",-պատմեց իրենց ծրագրեի մասին նա' նշելով, որ հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ երեխաների համատեղ ճամբարը հոգեբանական մեծ նշանակություն ունի:
"Փիլատելփիա"-ն ճամբարներին վերաբերվող նաեւ հեռահար ծրագիր ունի: ՀԿ-ին սփյուռքահայ բարերարներից մեկը հողատարածք է նվիրել եւ ՀԿ-ի ողջ թիմը միջոցներ է փնտրում այնտեղ մեծ ճամբար կոռուցելու, որտեղ ոչ թե 100, այլ հազարավոր երեխաներ կարող են հանգստանալ, կրթական քննարկումների եւ հոգեւոր դասերի մասնակցել:
"Մանուկների թագավորություն անունը կդնենք: Եթե հաջողվի այն միջազգային անգամ կարող է դառնալ' տարբեր մշակույթների մասին դասընթացներով: Եթե որեւէ մեկը ինձ ասի' անհնար է, ես նրան հազար ու մի փաստարկով հակառակը կհամոզեմ, չնայած այս պահին նման միջոցներ չունենք: Ես հավատում եմ, որ կստացվի",-ոգեշնչված ասաց Հովիկ Իսրայելյանը:
Ի դեպ, կազմակերպությունը ստեղծվել է 2003թ-ին: "Փիլատելփիա" եբրայերեն բառ է, որ թարգմանվում է եղբայրական սեր: