Երեխաներին դասական երաժշտություն կնվիրեն
Աջակցիր «Ա1+»-ինԿոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, դիրիժոր Արամ Ղարաբեկյանը եւ "Հայաստանի փոքրիկ երգիչներ"-ը Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ մեկ բեմին, եւ միայն մեկ անգամ Մանսուրյանի "Ձյունե թագուհին" բալետից սյուիտներ կկատար են Սպիտակ քաղաքում: Հունիսի 1-ին' երեխաների պաշտպանության օրը, երաժիշտները մշակույթի նախարարության հովանու ներքո հավաքվելու են Սպիտակ քաղաքի երաժշտական դպրոցում փոքրիկ երաժիշտների վարպետության դասեր տալու, որից հետո կլինի անվճար համերգ:
"Մենք այդ օրը երեխաներին կոնֆետներ ու խաղալիքներ ենք նվիրում, բայց ոչ դասական երաժշտություն: Կարծում եմ, որ մերը սա հատկանշական նվեր է",-ասաց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Ապա պատասխանելով այն հարցին, թե ինչու Սպիտակում, Ղարաբեկյանը ասաց, որ ինքը Սպիտակում եղել է դեկտեմբերին եւ հասկանալի է ինչ առիթով եւ ուզում է, որ հասարակության մեջ այդ ընկալումը փոխվի:
"Կամերային նվագախումը մարզերում համերգներով հաճախ է լինում եւ ես կարող եմ ասել, որ շատ անկեղծ ու ուշադիր ունկնդիր կա մարզերում",-ասաց Արամ Ղարաբեկյանը: Իսկ Տիգրան Հեքեքյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է Մանսուրյանի եւ Ղարաբեկյանի սերնդակիցը լինել եւ նրանց հետ միասնական համերգով հանդես գալ:
"Ինձ մեծ ցավ են պատճառում այս անարդարությունները, որոնք լինում են մեր երկրում: Ես հետեւում եմ այս ամենին",-ասաց Տիգրան Մանսուրյանը' պատասխանելով "Ա1+"-ի այն քաղաքական վերջին զարգացումները ինչ ազդեցություն են ունենում իր վրա: Նույն հարցին պատասխանելով' Տիգրան Հեքեքյանը ասաց, որ փորձում է արձագանքել վերջին զարգացումներին երաժշտությամբ: Օրինակ' նախորդ տարվա մարտյան դեպքերից հետո իր երգչախումբը "Լույս ի լուսո" համերգը կազմակերպեց ու ասում է' համերգից հետո շատ մարդիկ թեթեւացած էին դուրս գալիս: