Ստուգումները ոստիկանական գործառո՞ւյթ
Աջակցիր «Ա1+»-ին«Բյուջետավորումն ու հաշվապահական հաշվառումը այն միջավայրն են, որում կարող է ծաղկել պետական ներքին ֆինանսական հսկողությունը (ՊՆՖՀ)»,- այսօր «ՊՆՖՀ-ն Եվրոպական միությունում եւ Հայաստանում թեմայով սեմինարի ժամանակ նշեց Եվրահանձնաժողովի ՊՆՖՀ վարչության ղեկավար Ռոբերտ Ջիելիսը:
Շարունակելով իր խոսքը` նա ընդգծեց, որ երբ ասում ենք բյուջետավորում, պետք է հասկանալ «արդյունքային ուղղվածություն ունեցող բյուջեի ցուցանիշները»: Պատճառն այն է, որ ըստ նրա`ՀՀ բյուջեն հիմա միայն մուտքերի վրա է հիմնված, «Այսինքն` մենք փորձում ենք տեսնել, թե ինչպես կարող ենք ձեռք բերել գումար` ծախսելու համար, բայց չենք հենվում արդյունքների վրա»,- նշեց պարոն Ջիելիսը:
Նշենք, որ սա խիստ մասնագիտական սեմինար-քննարկում էր, որին ներկա էին բացառապես ՀՀ կառավարման համակարգի ներկայացուցիչներն ու տնտեսագետները: Անցում կատարելով հաշվապահական հաշվառմանը` պարոն Ջիելիսը նշեց, որ ԵՄ-ում իրենք աչալրջորեն հետեւում են ֆինանսական հոսքերին ու կամաց-կամաց փոփոխություններ անում դեպի կուտակային հիմունքներով հաշվապահական հաշվառման, երբ ցուցանիշները որոշվում են կոնկրետ ժամկետներում:
«Բնականաբար սրա համար հարկավոր է կենտրոնացված վերահսկողություն եւ հսկում: Նշեմ, որ սա մի բան է, որ ՊՆՖՀ-ից դուրս է, բայց մեծ ազդեցություն ունի նրա վրա»,- ասաց Ռոբերտ Ջիելիսը` ավելացնելով, որ ներքին հսկողությունը հիմնականում կենտրոնացված է ստուգումների վրա եւ իրենք հետեւում են, որպեսզի պահպանվեն բոլոր կանոններն ու կարգերը, ինչպես նաեւ`փորձում են կիրառել ուղղիչ գործողություններ: Որքան էլ, որ տեսչությունն ու ստուգումները կարեւոր են ՊՆՖՀ-ի համար, սակայն պարոն Ջիելիսն այն համարեց ավելի շատ ոստիկանական գործառույթ:
Նա չշրջանցեց նաեւ մաքսային ծառայությունը: Նա հույս հայտնեց, որ Հայաստանում այս ծառայությունն հիմնականում եկամուտներ գոյացնող կազմակերպություն է եւ հետևաբար նույնպես մտնում է ՊՆՖՀ-ի համակարգ: Քանի որ ՊՆՖՀ-ն ունի հիմնական մի սկզբունք` կառավարչական հաշվետվողականություն, այսինքն` հանրության համար թափանցիկ գործելաոճ, հիմնավորված արդյունքներ եւ այլն, այդ պատճառով էլ ամենաբարձր մակարդակի ղեկավարությունն ամեն պահ պետք է պատրաստ լինի մերկացնելու, թե ինչ են անում եւ պատասխանատվություն կրեն իրենց արածի համար:
ՀՀ Ֆինանսների նախարարության բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՊՆՖՀ մոդելը նպատակ ունի «պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը երաշխավորելու միջոցով հասարակությանը մատուցել որակյալ ծառայություններ»: «Նման համակարգի ներդրումը հայտարարված է մեր կառավարության գործունեության ծրագրով եւ մինչեւ ընթացիկ տարվա ավարտը ՀՀ Կառավարության քննարկմանը կներկայացնենք համապատասխան ռազմավարության նախագիծը»,- նշեց պարոն Բրուտյանն` ավելացնելով նաեւ, որ այս միջոցառումն ունի նաեւ քաղաքական կարեւորություն, քանի որ դա է վկայում Հայաստան-Եվրոմիություն հարեւանության գործողությունների ծրագիրը: