«Պատճառները խորն են» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի արդեն նախկին ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն հնարավորություն չունի իրականություն դարձնելու իր ծրագրերը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ թատրոնում ներկայացված իր 8 ծրագրերից եւ ոչ մեկը չի քննարկվել: Նշենք, որ Մշակույթի նախարարի հրամանով ռեժիսորները պետք է իրենց գաղափարները ներկայացնեն Գեղ. Խորհուրդ, որտեղ էլ դրանք պետք է քննարկվեն:
2008 թվականի սեպտեմբերից ներկայացրել է 6 նախագիծ: Նույնիսկ առաջարկել է Ձմեռային այգում բեմադրել «Աղախիններ» ներկայացումը: Սակայն դրան, ըստ Սուրեն Շահվերդյանի, չի հետեւել ոչ գրավոր եւ ոչ էլ բանավոր պատասխան:
Ռեժիսորը հանդիպել է թատրոնի ադմինիստրացիայի հետ, եւ այն հարցին, թե երբ կարող է խաղալ իր ներկայացումները, պատասխանել են, որ ծրագիրը արդեն վաղուց կազմված է' 4 ներկայացում մայիսին, 3 ներկայացում հունիսին: Իսկ Շահվերդյանի հերթը, նրանց խոսքերով կհասնի երեւի թե դեկտեմբերին:Մինչդեռ խաղացանկում 30 ներկայացում կա:
Իսկ ինչո՞ւ են թատրոնում ամսեկան խաղում 3-ից 4 ներկայացում, իսկ դրա պատասխանը մեկն է, ըստ Շահվերդյանի, որպեսզի շենքը վարձով տան:
Հանդիպմանը ներկա Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ Արա Խզմալյանն էլ ասում է, որ ոչ ոք աշխատանքից չի հեռացվել, ուղղակի փոխվել է աշխատանքի բնույթը, եւ այստեղ նա սարսափելի ոչինչ չի տեսնում: Իսկ հեռացված ռեժիսորները եղել են պայմանագրային աշխատողներ:
Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ Արա Խզմալյանն էլ ավելացրեց, որ եթե Սունդուկյան թատրոնին պետք է թարմ շունչ, թարմ օդ, նոր դեմքեր ապա այս ընտրված ճանապարհը ճիշտ է:
«Ա1+»-ի հարցին, թե ինչպես է մեկնաբանում իրեն աշխատանքից հեռացնելը, Սուրեն Շահվերդյանն ասաց. «Ես ցանկություն ունեմ, որպեսզի այս պետությունում մասնագետը հատկապես արվեստում աշխատողը պարտադրված չլինի պատկանալ ինչ -որ կուսակցության կամ ընկերություն անի սրա հետ կամ նրա հետ եւ այդ իսկ պատճառով լինի կամ չլինի աշխատավայրում: Ես կարծում եմ, որ պատճառները շատ հեռու են եւ շատ խորը»:
Ի դեպ, Սուրեն Շահվերդյանը Սունդուկյանի անվան թատրոնի նախկին գեղարսվեստական ղեկավարի որդին է: