Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրել են հայերի հետ կապ ունեցող ֆիլմեր (տեսանյութ)

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստան կժամանի «Կաննի» կինոփառատոնի ղեկավարներից  ֆրանսահայ անվանի կինոգործիչ Ալան Թերզյանը: Վերջինիս Հայաստան բերելու համար փառատոնի կազմակերպիչները փոքրիկ հնարքի են դիմել. փառատոնը կբացվի ռեժիսոր Լոռեն Տյուելի «Առաջին շրջան» ֆիլմով, որի պրոդյուսերն է Ալան Թերզյանը:

Ֆիլմում հայ հանցագործի դերում հանդես է եկել ֆրանսիացի անվանի դերասան Ժան Ռենոն: «Բացման ֆիլմի ընտրության երկրորդ պատճառն էլ դա էր, որպեսզի կարողանանք դերասանին էլ Հայաստան բերել, սակայն հանկարծ պարզվեց, որ նա երեխա է ունենալու եւ չի կարող գալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

Նշենք, որ հուլիսի 12-19-ը Հայաստանում անցկացվող փառատոնին ներկայացվել է 430 ֆիլմ 65 երկրներից, սակայն ընտրվել է 110-ը' 40 երկրներից: «Այնպիսի ֆիլմեր ենք ընտրում, որ հայերի հետ կապ ունենա»,- հաստատեցին կազմակերպիչները, ապա ավելացնելով, որ ֆիլմերը շատ տարբեր են. ընդգրկված են եւ անվանի ռեժիսորներ, եւ սկսնակ:

Փառատոնը կունենա նախորդ տարիներին հաստատված երեք մրցույթային ծրագրեր' Միջազգային խաղարկային, Վավերագրական ֆիլմերի, Հայկական համայնապատկեր: Սակայն այս տարի կունենա նաեւ հատուկ իրադարձություն. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 85 եւ «Նռան գույնը» ֆիլմի 40-ամյակի առթիվ փառատոնի շրջանակներում կկայանա հայ կինոյի պատմության մեջ իր արժանի տեղը զբաղեցրած այդ ֆիլմի հայկական տարբերակի ցուցադրությունը:

Փառատոնի ոչ մրցույթային ծրագրում այս տարի նույնպես կլինեն Երեւանյան պրեմիերաներ: Դրանց շարքում է հանրահայտ ռուս ռեժիսոր Սերգեյ Սալավյովի վերջին աշխատանքներից «Աննա Կարենինա»-ն եւ «Ասսա 2»-ը: Հեղինակը Երեւան կայցելի իր ֆիլմերի գլխավոր դերասանուհու' Տատյանա  Դրուբիչի հետ միասին:

Ի դեպ, այս տարվա նորույթներից է նաեւ «Արտադրված է Հայաստանում» տեղեկատվական ծրագիրը, որը կներառի վերջին տարիներին Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ վավերագրական ֆիլմերի «Հայք» ստուդիայի կողմից նկարահանված ֆիլմերը: