Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական «գոհարները» կփայլեն Սիրիայում

Մշակույթ

«Գոհար» երաժշտախումբը հուլիսի 9-ին ելույթ է ունենալու Դամասկոսի օպերայի թատրոնում, իսկ հուլիսի 16-ին և 17-ին Հալեպի պատմական բերդի ամֆիթատրոնում:

«Գոհար» Հայաստանի միակ կոլեկտիվն է, որ վերջին տարիներին`չնայած անդամների մեծությանը/ բացի 150 հոգանոց նվագախմբից ու երգչախմբից, ունի 15 մենակատարներ և 12 պարուհիներ/ հանդես է եկել տարբեր երկրներում` Լիբանանում, Կիպրոսում, Ռուսաստանում, Թուրքիայում, Միացյալ Նահանգներում և Կանադայում:

«Գոհար»-ի կատարումներով DVD-ները, որոնք պարունակում են հայերեն ու լատինատառ հայերեն լուսագրեր, Սփյուռքում ավելի շատ բաժանվում են հայկական գաղթօջախների դպրոցներին, քան հանվում են վաճառքի:

«Գոհար» -ի համերգների ժամանակ իրար են խառնվում բեմի երգն ու դահլիճի պարը և պարում է ամբողջ դահլիճը` ձեռք- ձեռքի տված ու մի ամբողջություն դարձած:

Հիշեցնենք, որ լիբանանահայ Գոհար Խաչատուրեանի բարեգործությամբ 1999թ.-ի դեկտեմբերի 7-ին Գյումրիում հիմնադրվեց «Գոհար» երաժշտանոցը, այնուհետև իրար ետևից ստեղծվեցին «Գոհար» երգչախումբն ու նվագախումբը: Անվճար երաժշտական գործիքների տրամադրումը և ուսուցումը հնարավորություն ընձեռեցին շնորհալի շատ երեխաների ստանալու հիմնավոր երաժշտական կրթություն:

Նրանցից շատերը այսօր իրենց ուսումը շարունակում են երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություններում, իսկ ոմանք դարձել են «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի լիիրավ անդամներ:
«Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի ստեղծումը մեծապես կապված է կիպրահայ դիրիժոր, երգահան, մանկավարժ Սեպուհ Աբգարեանի անվան հետ: Թողնելով Կիպրոսը նա եկավ և «զինվորագրվեց» «Գոհար» նվագախմբին:
Նրա բազմաթիվ մշակումներն այսօր լրացնում են «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի երգացանկը: Սեպուհ Աբգարեանը հեղինակ է բազմաթիվ սիմֆոնիկ, երգչախմբային և գործիքային ստեղծագործությունների: