Բանկերում վերականգնման փո՞ւլ է
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք սպասում ենք, որ մինչեւ աշնան վերջ վարկային տոկոսադրույքները բավականին տարբերություններ կտան, այսինքն` կտատանվեն 15-16 տոկոսի շրջանակներում, որը գոյություն ուներ նախորդ տարիներին»,- այսօր «Հայէկոնոմբանկ»-ի 2008թ. տարեկան հաշվետվության ժամանակ «Ա1+»-ի հետ զրուցում նշեց ՀՀ Բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը:
Նա ընդգծեց, որ հայաստանյան բանկերն այսօր ակտիվորեն պայքարում են ճգնաժամի դեմ:Այդ պատճառով, ըստ նրա, այսօր բանկային համակարգում նոր «վատ սպասելիքներ» չկան, այլ ընդհակառակը` այս փուլն համարում են վերականգնման փուլ:
Պարոն Սողոմոնյանի ասելով` ՀՀ Կառավարության կողմից կոնկրետ միջոցառումների ծրագրեր են իրականացվում, այդ թվում` Ռուսաստանի վարկային ծրագրով բանկերին տրամադրվող ռեսուրսները: Այս վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորել հիմնականում խոշոր, ինչպես նաեւ` փոքր եւ միջին բիզնեսը, սպառողական, հիփոթեքային վարկեր, սակայն առայժմ միայն բնակարանների նորոգման եւ ավտովարկավորման համար:
«Սրանք այն խնդրահարույց վարկերն էին, որոնք բավականին ժամանակ է` բանկերի կողմից չէին տրամադրվում: Չէին տրամադրվում ոչ թե ռեսուրսներ չունենալու պատճառով, այլեւ ճգնաժամի պայմաններում բանկերը բավականին խիստ էին գնահատում ռիսկերը»,- նշեց Էմիլ Սողոմոնյանը:
Ըստ նրա` քանի որ հիմա այդ միջոցները տրամադրվում են բավականին ցածր տոկոսադրույքով, բանկերը պատրաստվում են մինչեւ 15 տոկոսի սահմաններում իրականացնել առավել կարեւոր փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծրագիրը: «Այդ պատճառով կարծում եմ, որ շուտով ամբողջ համակարգում, այդ թվում նաեւ` տնտեսության մեջ տեղաշարժը կնկատվի»,- ուրախությամբ նշեց Էմիլ Սողոմոնյանը` ավելացնելով, որ բանկերն արդեն վարկեր տալիս են:
Ի դեպ, այն վարկերը, որոնք ռուսական վարկի շրջանակներում են լինելու, տատանվելու են 15 տոկոսի սահմաններում, իսկ բանկի սեփական միջոցների հաշվին տրամադրվողները կարող են տարբեր տոկոսադրույքներ լինել` ընդհուպ մինչեւ 24 տոկոս:
Ինչ վերաբերում է «Հայէկոնոմբանկ»-ին, ապա ըստ բանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանի` իրենք արդեն հաղթահարել են ճգնաժամը եւ հստակ քայլերով շարժվելու են առաջ:Դա է վկայում, օրինակ` բանկի հաճախորդների աճը: Եթե 2008թ. վերջին հաճախելիությունը կազմում էր մոտ 53 տոկոս, ապա վերջին 5 ամիսների ընթացքում այն կազմել է մոտ 71 տոկոս: