Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական վարկը հասավ Հայաստան

Տնտեսություն

Երեկվանից ուժի մեջ է ՙՀայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին՚ համաձայնագիրը:

Ըստ դրա` Հայաստանին տրամադրվում է 500.0 մլն ԱՄՆ դոլարի վարկ, 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ և LIBOR + 3% տարեկան տոկոսադրույքով: Սույն համաձայնագիրը մայիսի 20-ին Մոսկվայում ստորագրել էին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարները:

Ռուսական կողմն այսօր արդեն իսկ ՀՀ կենտրոնական բանկի հաշվեհամարին միանվագ փոխանցել է 500.0 մլն ԱՄՆ դոլարը, որը ՀՀ կենտրոնական բանկի հաշվեհամարից այսօր փոխանցվելու է ՀՀ ֆինանսների նախարարության միասնական գանձապետական հաշվին:

Պետական վարկի միջոցներն օգտագործվելու են հետևյալ ուղղություններով.
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Աղետի գոտում իրակացնացվող վերականգնողական ծրագրի գծով ծախսերի ֆինանսավորում,
2) ՙՀայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն՚ հիմնադրամի միջոցով փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վարկավորում,
3) Կայունացման հիմնադրամի ձևավորում: Կայունացման հիմնադրամի միջոցները նախատեսվում են`
ա. տնտեսության, այդ թվում համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորման,
բ. ազգային հիփոթեքային ընկերությանը աջակցության,
գ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման,
դ. անհրաժեշտության դեպքում, օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող այլ ուղղություններով օգտագործելու համար:

Բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով պետական վարկի միջոցների շրջանառությունը արտացոլվելու է պետական բյուջեում և վերջինիս կատարման հաշվետվություններում, ինչպես նաև ապահովվելու է պետական վարկի միջոցների ծախսման առանձնացված հաշվառում:
Հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: