Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիմակայել են ճգնաժամի՞ն

Տնտեսություն

«Շնորհիվ արդյունավետ ֆինանսական վերահսկողության` ՀՀ-ին հաջողվեց դիմակայել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցության առաջին ալիքին:

Բացի այդ` դրան նպաստեց նաեւ ՀՀ տնտեսության ֆինանսական հատվածում «տաք փողերի» բացակայությունը».
Այս ամենի մասին նշված է ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացման մասին ամփոփիչ հաշվետվության մեջ: Ճգնաժամին դիմակայել, ըստ հաշվետվության` հնարավոր եղավ նաեւ այն պատճառով, որ ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստանի ֆինանսական շուկաներում, բանկերում չդրսևորվեց խուճապ, չսրվեց իրացվելիության նկատմամբ պահանջարկը:

Եվ չնայած այն հանգամանքին, որ 2008թ. ՀՆԱ-ի հավելաճը ծրագրվածից ցածր էր, տնտեսությունն արձանագրեց 6.8% տնտեսական աճ` ԱՊՀ երկրների 5% -ի դիմաց: Նշենք, որ Հայաստանը տնտեսական աճի ցուցանիշով Ռուսաստանից առաջ է` 5.6%, Ուկրաինայից` 2.1%-ով:

Այնուամենայնիվ, Հայաստանին չհաջողվեց խուսափել ճգնաժամի ազդեցությունից: Հատկապես դա վերաբերում էր տրանսֆերտների կրճատմանը, համաշխարհային շուկաներում հումքային ապրանքների, հատկապես մետաղների գների նվազմանը, համաշխարհային պահանջարկի նվազման հետևանքով հայաստանյան արտահանելի ապրանքների եւ ծառայությունների պահանջարկի, ներդրումների ծավալների անկմանը:

Մասնավորապես, համաշխարհային շուկաներում անշարժ գույքի շուկայի անկումը հանգեցրեց Հայաստանի շուկայի նկատմամբ հետաքրքրության անկմանը: Այն զուգորդվեց ներդրումների կրճատմամբ, վերջին տարիներին տնտեսության հիմնական շարժիչ ուժ հանդիսացող շինարարության ժամանակավոր սառեցմամբ:

Հայաստանում ճգնաժամին դիմակայելուն, ըստ ՀՀ կառավարության հաշվետվության, նպաստել է նաեւ ԱՊՀ-ում գրանցված ամենացածր գնաճային դաշտը, որի շնորհիվ ապահովվել է տնտեսության համընդհանուր կայունությունը` 2008թ. տարեվերջին կազմելով 5.2%, այնինչ` ԱՊՀ երկրներում` 14.8% էր:

Ինչ վերաբերում է հակաճգնաժամային քաղաքականության իրականացման հետագա անելիքներին, ապա հաշվետվության մեջ նշված են մի շարք հիմնական սկզբունքներ: Օրինակ` ֆինանսական կայունության միջոցով մակրոտնտեսական կայունության ապահովում, փոխարժեքի արդյունավետ քաղաքականության իրականացում,հասարակության և բիզնեսի հետ արդյունավետ հաղորդակցության ապահովում, ընդլայնող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության իրականացում եւ այլն: