Աուդիտը կհաղթահարի՞ աղքատությունը
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե չկա թափանցիկություն, չկա հավատ, եթե չկա հավատ, չկա վարկ, եթե չկա վարկ, չկա ներդրում, եթե չկա ներդրում, չկա աճ: Ֆինանսական հաշվետվողականությունը, աուդիտը կարեւոր մի հիմնաքար են ֆինանսական միջնորդության, օտարերկրյա ներդրումների, կայուն տնտեսական զարգացման համար: Սա շատ պարզ տրամաբանություն է»,- այսօր «Համաշխարհային բանկի Ստանդարտների եւ կանոների պահպանման հաշվապահական հաշվառման եւ աուդիտի հաշվետվության» շնորհանդեսին ընդգծեց ՀԲ հաշվետվականության բարեփոխումների կենտրոնի տնօրեն Ջոն Հեգարթին:
Նա նաեւ ավելացրեց, որ եթե կա ցանկություն ֆինանսական քաղաքականությունն ուժեղացնել, ապա պետք է աուդիտի հատվածն առաջնային անել: Ըստ նրա' արժեթղթերի, բանկային, ապահովագրության, նույնիսկ կորպորատիվ կառավարման վերահսկման ոլորտներում ոչ մի բարելավում չի կարող նույնիսկ քննարկվել, եթե առաջին հերթին վստահություն չլինի, որ այն ինֆորմացիան, որը դրվում է այս ոլորտներում, հուսալի է:
«Դա է պատճառը, որ հաշվապահությունը եւ աուդիտն այդքան կարեւորություն են ստանում: Դա զուտ ֆինանսական ճգնաժամի խնդիր չէ. բարձր որակի աուդիտը մեծ ներդրում է ունենում նաեւ մասնավոր հատվածի զարգացման եւ աշխատատեղերի ստեղծման համար: Այն նաեւ օժանդակում է կապիտալ շուկայի եւ ֆինանսական հատվածի զարգացմանը, որն իր հերթին բարելավում է վարկային միջոցների հասանելիությունը հատկապես փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար»,- նկատեց պարոն Հեգարթին' ավելացնելով, որ եթե բոլոր այս ուժերը միավորվեն, ապա կլինի կենսունակ, հզոր տնտեսական աճ, որն էլ իր հերթին միավորվելով արդարության եւ հավասարության հետ' բարելավում է մարդկանց կյանքը եւ այսպիսով հաղթահարում աղքատությունը:
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն իր խոսքում եւս նշեց, որ ավելի լավ կորպորատիվ թափանցիկությունը նվազեցնում է ֆինանսական փխրունության, իր ասելով' «ֆինանսական հանդգնության ռիսկը»: Բացի այդ' ավելի լավ կորպորատիվ թափանցիկությունը, ըստ նրա' հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով ուսումնասիրել մասնավոր ընկերությունը, ինչպես նաեւ' խուսափել վարկի մուծման դժվարություններից, վարկային ճգնաժամերից: «Դա հնարավորություն է տալիս նաեւ, որ օտարերկրյա ներդրողները ներքին վստահություն ձեռք բերեն: Ինչպես նաեւ' ավելի շատ թափանցիկ ընկերությունների պարագայում քիչ հնարավորություններ կան կոռուպցիայի համար, որն էլ իր հերթին ընկերությունների կհանգեցնի ավելի լավ պետական կառավարման»,- լավատեսորեն նշեց պարոն Վարուդակիսը:
ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն էլ հույս հայտնեց, որ ներկայացված հաշվետվությունը էլ ավելի պարզ, արդար իրավիճակ կստեղծի ՀՀ ֆինանսական ոլորտում, ինչպես նաեւ' թափանցիկ, բայց միաժամանակ մրցակցային պայմաններ եւ համապատասխան որակներ: Հայաստանի պարագայում, ըստ ներկայացված զեկույցների' պարտաճանաչորեն աուդիտի են ենթարկվում բանկերը, որոնք ամեն հաշվետու տարվա ավարտից 4 ամիս անց պարտադիր ներկայացնում են իրենց նախորդ տարվա աուդիտը: Իսկ ՀՀ տնտեսության մնացած բնագավառներն իրենց ֆինանսների մասին տեղեկություններ հայտնում են հաշվապահական տարբեր պահանջներով: Ըստ հայ զեկուցողների' ՀՀ-ում աուդիտ անցկացնող կազմակերպությունները նորմալ ձեւավորված չեն, քանի որ չեն լիցենզավորվում: