Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երաժշտություն ամենուրեք

Մշակույթ

Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանության և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հունիսի 21-ին Հայաստանում երրորդ անգամ կնշվի Երաժշտության տոնը։

Հունիսի 21-ին, մինչև ուշ երեկո մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, բացօթյա սրճարանների հարակից տարածքները, զբոսայգիներն ու հրապարակները ողողված կլինեն բազմաժանր երաժշտության հնչյուններով: Այս տարի ՀՀ Մշակույթի նախարարության ջանքերով նախաձեռնությանը առաջին անգամ միանում են նաև ՀՀ բոլոր մարզերը, մարզային 24 քաղաքներով:

Ըստ դեսպանատան մամլո հաղորդագրության'

Ժամը 18.30-21.30-ը ռոք համերգ տեղի կունենա Շառլ Ազնավուրի հրապարակում, 24 ժամ շարունակ`ժամը  00.00-ից մինչեւ հաջորդ օրը, Սիրահարների այգում:

Ժամը 22.00-23.30-ը դասական երաժշտության համերգ է տեղի ունենալու Կոնսերվատորիայի այգում: Նախատեսվում են նաեւ համերգներ մայրաքաղաքի այլ հատվածներում:

Երաժշտության տոնը սկիզբ է առել 1982թ. հունիսի 21-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ։ Երաժշտության տոնն այսօր համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է և տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում և 340 քաղաքներում ։ Այն ժողովրդական տոն է և նպատակ ունի հանրամատչելի դարձնել երաժշտական փորձն ու բոլոր սերունդներին հաղորդակից դարձնել երաժշտության տարբեր դրսևորումներին, ինչպես նաև հնարավորություն տալ պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ կատարողներին ինքնադրսևորվել հանպատրաստից համերգների միջոցով։