Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարկի ավելացումով ծախսերի պահպանում (տեսանյութ)

Տնտեսություն

Արժույթի միջազգային հիմնադրամը, մարտին իր կողմից հաստատված 567 մլն ԱՄՆ դոլար վարկին ավելացնելով եւս  255 մլն ԱՄՆ դոլար, նախ հաշվի է առել ՀՀ արտաքին պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշները: Ի դեպ, ընդհանուր վարկը կկազմի շուրջ 822 մլն 700 հազար ԱՄՆ դոլար:

ԱՄՀ-ն արձանագրել  է, որ ՀՀ պետական պարտքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում նախորդ տարվա 18 տոկոսից հասել է 38 տոկոսի:       Եվ, ընդհանրապես, Հայաստանը բավականին շատ պարտքեր ունի, սակայն նախորդ տարիներին նա կարողացել է բավականնին լավ մարել բոլոր պարտքերը: ԱՄՀ-ն նախքան վարկը տրամադրելը' կատարել է նաեւ կանխատեսումներ: Ըստ որի' 2001թ. ՀՀ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի մինչեւ 46 տոկոս, սակայն այն չի անցնի 50 տոկոսի մակարդակը: «Մեր կարծիքով' դա կառավարելի մակարդակ է: Վերցնելով նաեւ այս վարկը' բնականաբար ՀՀ արտաքին պարտքի բեռն ավելանում է եւ դժվարանում է վճարումը: Սակայն դա եւս կառավարելի ռիսկ է, եւ Հայաստանը կկարողանա վարկը մարել»,- ընդգծեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչՆինկե Օմեսը:

Մարտին արդեն վարկից տեղաբաշխվել է մոտ 250 մլն դոլար, իսկ մինչեւ այս շաբաթվա վերջ կտեղաբաշխվի 158 մլն դոլարը: Վարկը կտրամադրվի 5 տարով'1,5 տոկոսով, որը, ճիշտ է, ժամանակի ընթացքում կփոփոխվի, սակայն 150 մլն դոլարը դեռ այդ տոկոսադրույքով կհաշվարկվի: Վարկի օգտագործման համար արտոնյալ ժամկետ կհամարվի 3 տարի 3 ամիսը:  

            Սովորաբար ԱՄՀ-ն իր վարկերը տրամադրում է ՀՀ Կենտրոնական բանկին: Սակայն այս անգամ ՀՀ Կառավարության հետ նախնական պայմանավորվածության համաձայն վարկից 312 մլն դոլար կուղղվի պետբյուջե' ապահովելու սոցիալական ծախսերը, աշխատավարձերը, կենսաթոշակները եւ այլն: Այս գումարի մի մասը նախատեսվում է 2009թ., մյուս մասը' 2010թ. բյուջեների համար: Ըստ Նինկե Օմեսի' նպատակը մեկն է' խուսափել ծախսերի լուրջ կրճատումներից:     

Թե ինչո՞ւ է ԱՄՀ-ն որոշել ավելացնել վարկի ծավալը, Նինկե Օմեսն այսպես պատճառաբանեց. «Օգնել Հայաստանին համարվել բացասական արտաքին ցնցումներին, վերականգնել վստահությունը արժույթի եւ ֆինանսական համակարգերի նկատմամբ, պաշտպանել անապահով խավին, որպեսզի  սոցիալական ծախսերը չկրճատվեն եւ այն շատ չտուժի ու չտառապի ճգնաժամի արդյունքում»:

Ըստ տիկին Օմեսի' եթե մարտին կարծում էին, որ 540 մլն դոլարը բավարար է, ապա հիմա ակնհայտ էր, որ ուղղակի անհրաժեշտություն է եւս 250 մլն-ով այդ գումարը ավելացնել: Դրա հիմնական պատճառը ՀՆԱ-ի անկումն էր, հատակապես Ռուսաստանից փոխանցվող ոչ առեւտրային տրանսֆերտների, շինարարության կտրուկ նվազումը, ինչպես նաեւ' հարկային եկամուտներում զգալի նվազումը' մոտ 20 տոկոս: «Դա նշանակում է, որ կառավարության համար ավելի ու ավելի է դժվարացել կառավարության համար իր ծախսերի ֆինանսավորումը, եւ նա սկսել է կրճատել դրանք: Սակայն մենք կարծում ենք, որ ճգնաժամի պայմաններում, կառավարությունը չպետք է կրճատի իր ծախսերը, դա էլ ավելի կվատթարացնի ճգնաժամի հետեւանքները»,- վստահեցնում է Նինկե Օմեսը: