Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետահայաց ցուցադրություն

Մշակույթ

Մոսկվայում կայացել է Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:

Հունիսի 19-28-ը անցկացված Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացել է "Ոսկե Ծիրան" միջազգային կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի 7 ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը' «Սահման», «Պոետի վերադարձը», «Վավերագրողը», «Կոնդը», «Վերջին կայարանը», «Վերադարձ ավետյաց երկիր», «Սպիտակ քաղաքը»:

Հունիսի 22-ին "Օկտյաբր" կինոթատրոնի հետահայաց ցուցադրությունների բացմանը ներկա են եղել բազում անվանի կինոգործիչներ, լրագրողներ, մտավորականներ, նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Բացման խոսքով է հանդես եկել փառատոնի ծրագրերի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը:

Այդ օրը ցուցադրվել է ռեժիսորի "Սահման" ֆիլմը, որն այս տարի արդեն 2 հեղինակավոր մրցանակի է արժանացել:

Այնուհետև ընդունելություն է կայացել Մոսկվայում Հայաստանի դեսպանությունում, որպեղ ողջույնի խոսքով է հանդես եկել ռուս հայտնի կինոքննադատ, կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պլախովը: Մոսկվայի փառատոնի կատալոգում նա գրել է. "Հարություն Խաչատրյանի ֆիլմերը կինեմատոգրաֆի մաքուր ձևեր են ներկայացնում, որոնց միջոցով ռեժիսորը կարողանում է արտահայտել ժամանակակից աշխարհի սուր և դաժան հակասությունները":

Մինչև հիմա որևէ կինոփառատոնում հայ ռեժիսորներից միայն Սերգեյ Փարաջանովի և Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել: Մոսկվայի կինոփառատոնը Հարություն Խաչատրյանի հետահայաց ցուցադրություններ կազմակերպելու ցանկություն էր հայտնել' հետահայացների շարքում ընդգրկելով նաև աշխարհահռչակ այնպիսի ռեժիսորների, ինչպիսիք են Յեժի Սկոլիմովսկին և Մարկո Ֆերրերին:

Այդ մասին հայտնում են «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մամլո ծառայությունից: