Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծամասամբ աճել են

Տնտեսություն

2009թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նվազել են 1.4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն աճել են համապատասխանաբար 2% եւ 0.4%-ով: Այդ են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2009թ. հունվար-հունիսին» հաշվետվության արդյունքները:

2009թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.8%, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (1.1%):

Հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.5% գնանկում, ինչը հիմնականում պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխությունների արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում 2009թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է 0.4-10.5% գնանկում, 6-ում` 0.2-1.4% գնաճ, իսկ հրուշակեղենի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Օրինակ` 2009թ. հունիսին 2008թ. դեկտեմբերի համեմատ բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է 12.0% գնաճ, իսկ մայիսի համեմատ` 10.5% գնանկում: Տանձի, ադամաթզի, նարնջի, խնձորի գները 2009թ. հունիսին մայիսի համեմատ աճել են 0.1-12.7%-ով, իսկ ելակի, կիտրոնի, գները նվազել են համապատասխանաբար 50.4% և 1.6%-ով: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում մրգի գներն աճել են 0.7-45.2%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում), իսկ մյուս 4 քաղաքներում արձանագրվել է 7.2-0.3% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 1.9%-ով:

Նախորդ ամսվա համեմատ թանկացել են ոչ ոգելից խմիչքները, շաքարավազը, սուրճը, թեյը, կակաոն` 0.2-0.3% գնաճ:

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական վարչության տեղեկատվության, հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 2% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է բենզինի եւ դիզելային վառելիքի` համապատասխանաբար 8.8% եւ 5.3% գնաճով:

Նախորդ ամսվա համեմատ հանրապետությունում արձանագրվել է գորգեղենի, այգեգործական ապրանքների, կահույքի, դեղամիջոցների, կենցաղային էլեկտրաապրանքների, տեքստիլեղենի, ոսկերչական, գեղաhարդարման ապրանքների, կոշկեղենի, հագուստի եւ գործվածքի, գրենական պիտույքների, անձնապիտո ապրանքների, լվացող միջոցների 0.3-3.7% գնաճ: Մշակույթի ապրանքների, վառելիքի, խոհանոցային սպասքի, ապրանքախմբերում գրանցվել է 2.8-0.1% գնանկում, իսկ շինանյութերի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է սակագների 0.4% հավելաճ, ինչը հիմնականում բուժսպասարկման
0.6%, տրանսպորտի 1.2% (կապված օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 3.7% հավելաճի հետ), հանգստի կազմակերպման 6.8% ծառայությունների սակագների հավելաճի արդյունք է:

Կրթության համակարգի, հանրային սննդի, կենցաղային բնույթի, մշակույթի ոլորտի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1-0.3%-ով: Կապի ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% նվազում, իսկ բնակարանային-կոմունալ, իրավական ու բանկային ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ: