Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցիները խուսափում են

Մշակույթ

«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 6-րդ կինոփառատոնն այս տարի հիմնականում կպահպանի իր ավանդույթները ծրագրերի իրականացման առումով:

Բացառություն են կազմում մասնավորապես լեհական եւ ճապոնական ֆիլմերի ցուցադրումները, որոնք այս տարի ընդլայնված ձեւով կներկայացվեն: Ըստ այդմ` հուլիսի 16-ը կլինի լեհական ֆիլմերի օր, որը կբացի Բեռլինի կինոփառատոնին ներկայացված «Տատառակ» լեհական ֆիլմով:

Եվ ընդհանրապես, այս տարի, ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, ընդլայնվել է միջազգային գործընկերների ցանկը, սակայն միաժամանակ պահպանվել են մշտական գործընկերները` ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանատների: Ի դեպ, փառատոնի շրջանակներում նախատեսվել են հատուկ այս պետությունների ֆիլմերի ցուցադրումներ: Օրինակ` հուլիսի 14-ին` Ֆրանսիայի ազգային օրը, ֆրանսիական ֆիլմերի ցուցադրումը կսկսվի «Այս ամառը Ֆրանսիայում» ֆիլմի պրեմիերայով:

Արդեն 2-րդ տարին ցուցադրվող «Արաբական գիշերներ» ծրագիրն այս տարի իր շրջանակները մի փոքր մեծացրել է: Այս ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրության պատճառն, ըստ ծրագրի պատասխանատու Վրեժ Քասունիի, այն է, որ ԱՄԷ-ի ֆիլմարտադրությունը սկսվել է վերջին տասնամյակում, եւ շատ մեծ դժվարությամբ են արաբական ֆիլմերը հասնում մեր տարածաշրջան:

«Արաբական գիշերներ» ծրագրին այս տարի կներկայացվեն Արաբական Միացյալ Էմիրությունների հատկապես կարճամետրաժ ֆիլմերը: Ինչպես նաեւ` «Ոսկե ծիրանին» ներկա կլինի Դումայի կինոֆիլմերի փառատոնի ղեկավարը: Ինչպես նշեց Վրեժ Քասունին` քանի որ ԱՄԷ-ն ընդգրկում է 22 պետություն եւ բոլորին ուղղակի հնարավոր չէր ներկայացնել այս փառատոնին, այդ պատճառով այս անգամ հիմնական շեշտադրումն արվել է լիբանանյան ֆիլմերի, հատկապես ռետրոսպեկտիվի վրա: Լիբանանյան ֆիլմերի շարքը կբացվի «Կարամել» ֆիլմով:

Այս տարի փոքր-ինչ փոփոխվել է նաեւ «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումի ձևաչափը: Բանն այն է, որ բացի ուղղակի ֆիլմերի նախագծեր ներկայացնելուց, կլինեն նաեւ դասընթացներ արտերկրից հրավիրված հատուկ մասնագետների, պրոդյուսերների անմիջական մասնակցությամբ:

Բացի այդ` «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրին զուգընթաց կանցկացվի Հայաստան-Թուրքիա համատեղ կինոպլատֆորմ ծրագիրը: Այստեղ կներկայացվեն վավերագրական ֆիլմերի 3-ական հայ եւ 3-ական թուրք ստեղծագործողների նախագծեր: Ի դեպ, այս տարի վերոնշյալ ծրագրերի հաղթողների համար մրցանակներ որպես այդպիսիք չեն լինի:

Դրա փոխարեն, ինչպես նշում են «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները` կլինեն մասնագիտական ընդլայնված դասընթացներ:

Իսկ այն հարցին, թե կլինե՞ն արդյոք հայ-ադրբեջանական համատեղ ծրագրեր, Սուսաննա Հարությունյանը նշեց, որ իրենք բազմաթիվ անգամներ ադրբեջանցի գործընկերներին հրավիրել են Հայաստան` մասնակցելու փառատոնին:

«Խնդիրը ավելի շատ իրենց կողմից է, քանի որ նրանք չեն արձագանքում ոչ մեր հրավերներին, ոչ մեր նամակներին: Անձնական հանդիպումների ժամանակ էլ ադրբեջանցի գործընկերները միշտ անորոշ պատասխաններ են տալիս»,- ընդգծեց նա: