Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օպերայի փողը յուրացված չէ»

Տնտեսություն

ՀՀ Վերահսկիչ պալատի վերջին աղմկահարույց բացահայտումների թվում շատերին անակնկալի է բերել Մշակույթի նախարարության վերաբերյալ տեղեկությունները:

Ընդհանրապես, վերլուծաբանները տարօրինակ են համարում, որ ասենք շինարարության ոլորտում` քաղաքաշինության նախարարությունում, չարաշահումներ չեն հայտնաբերվել, երբ պարզից էլ պարզ է, որ ամենամեծ գումարները «պտտվում» եւ «լվացվում են» հենց այս ոլորտում, ու հայտնաբերվել են խախտումներ մշակույթի ոլորտում, որտեղ գրեթե միշտ բյուջեի փոքր հատկացումների խնդիր է եղել. սկսած կինեմատոգրաֆին հատկացվող պետական միջոցներից, վերջացրած օպերային բեմադրությունների համար անհրաժեշտ գումարներով:

«Ա1+»-ը փորձեց պարզել, թե իրականում ինչու չի բեմադրվել «Սայաթ-Նովա» օպերան, եւ ինչ է եղել 14 մլն 942 հազար դրամ գումարի հետ, որը դեռ 2007 թվականին հատկացել էր օպերան բեմադրելու համար:

«ՎՊ-ին մենք ամեն ինչ բացատրել ենք. Օրենքով մեր մասին ընդհանրապես խոսակցություն չպետք է լիներ»,-«Ա1+»-ին ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրեն Կամո Հովհաննիսյանը: «Մենք ստացել ենք 14 մլն 942 հազար դրամ Ալ. Հարությունյանի «Սայաթ -Նովա» օպերան բեմադրելու համար, պայմանով, որ մյուս տարի 2007 թ-ին կստանանք մնացած 14 մլնը»,-ասաց Հովհաննիսյանն ու պարզաբանեց, թե ինչ 14 մլն-ի մասին է խոսքը:

«Երբ վարչապետը ասաց` ինչքանով կարող եք ներկայացումը դնել, ես ասացի, որ մոտ 25-30 միլին դրամով. կոնկրետ թիվ չասացի, որովհետեւ նախահաշիվ ներկայացնելու համար կոնկրետ հաշվարկներ են պետք անել: Վարչապետն ասաց` 14 մլն կարող ենք տալ, դուք վերցրեք, պահեք, որ հաջորդ տարի մյուս մասը տանք, նոր սկսեք բեմադրությունը: 14 միլիոնով օպերային բեմադրություն անհնար է դնելը»,-պատմում է Կամո Հովհաննիսյանը:

«Դա վարչապետի կամքն է եղել, որ ինքը 2006 թվին օգոստոսի 31-ին մեզ տվել է այդ փողը` իմանալով, որ մենք 2006 թվականին չենք կարող դա բեմադրել, ասաց 2007-ին էլ ինչքան կպակասի` մենք դա էլ կտանք, որ բեմադրեք: 2007 թվականին, երբ հնարավոր եղավ մնացած գումարները ստանալ, մենք սկսեցինք այդ ներկայացման նախապատրաստական աշխատանքները: Ստեղծագործական մասը ամբողջովին պատրաստ է, մենք վաղն էլ պատրաստ ենք ներկայացնել համերգային հատվածը»,- նշում է նա:

Ըստ Կամո Հովհաննիսյանի` նախ ստեղծագործական պրոբլեմներ են առաջացել առաջին բեմադրիչի ` Գեղամ Գրիգորյանի հետ.
«Քննարկումների եւ նախարարության հետ աշխատանքային պրոցեսի ընթացքում, մենք եկանք այն համաձայնության, որ Գեղամ Գրիգորյանը չբեմադրի «Սայաթ-Նովան», քանի որ նա արդեն 4 ներկայացում էր բեմադրել եւ ձեռագիրը կկրկնվեր»: Որոշվել է ռեժիսորին փոխել: Այդ ժամանակահատվածում Հայաստան ժամանեց Ռոբերտ Ստուրուան, որը պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացում ուներ:

«Զրույցների ընթացքում ինքը հաճույթով համաձայնեց բեմադրել «Սայաթ-Նովա» օպերան: Մտածեցինք` Փարաջանովի ժամանակակիցն է, նրա ընկերն է, բացի այդ, հաշվի առնելով նրա աշխարհահռչակ ռեժիսոր լինելը, առաջարկեցինք, ինքն էլ համաձայնեց բեմադրել «Սայաթ-Նովան»: Մի քանի ամիս աշխատելուց հետո 2009 թվականի հունվարին Ստուրուան հրաժարվեց բեմադրությունից` Վրաստանի հայտնի դեպքերից հետո ինքը մտավ քաղաքականություն, անցավ ընդդիմության կողմը եւ այլն»,-«Սայաթ-Նովայի» ճակատագիրն է ներկայացնում Կամո Հովհաննիսյանը:

Իսկ ինչ եղավ այն գումարը, որ փոխանցվել էր` «Ա1+»-ի հարցին` Կամո Հովհաննիսյանը պատասխանեց. «Գումարը, բնականաբար, կա, այն ասեղ չի, որ կորեր. աշխատանքները գնում են, էսքիզներն արված են, ստեղծագործական աշխատանքները ավարտին են հասցված: Նոյեմբերին ծրագրել ենք ներկայացնել «Սայաթ-Նովան»: Իսկ մեր թերությունն ընդամենը ժամանակային է եղել, ինչն էլ պայմանավորված էր ստեղծագործական խնդիրներով»: