Քարերը գլորվում են տների վրա
Աջակցիր «Ա1+»-ինՄեկ տարի է' տիկին Նազիկի ընտանիքը Նեղոց գյուղից տեղափոխվել է Վանաձոր' մշտական բնակության։
Տունը գտնվում էր սողանքային գոտում, վերևի սարերից ամեն օր քարեր էին թափվում։ Նոր տուն գնելու համար պետութունից փոխհատուցում են ստացել։ Պետության տրամադրած ինը հազար դոլարին գումար են ավելացրել ու Վանաձորում բնակարան գնել։
Տան երիտասարդ անդամները աշխատանք են գտել, իսկ տիկին Նազիկն ու իր ամուսինը դեռ չեն կարողանում գյուղից կտրվել։ Հիմա էլ եկել են օղի թորելու ու վերջին իրերը հավաքելու։
Գյուղում նրանցից բացի փոխհատուցում է տրվել ևս երկու ընտանիքի, նրանք էլ բնակարան են գնել Ախթալայում։
Մեկ ընտանիք էլ հրաժարվել է գյուղից հեռանալ։ Արտակարգ իրավիճակների վարչությունը գյուղում այդ չորս տների վիճակն է առավել վտանգավոր համարել։
Սակայն քարաթափման վտանգի առջեւ է ամբողջ գյուղը։ Դրա վտանգը առավել սրությամբ զգում են գարնանը, անրևների ժամանակ։ Քարերը թուլանում են ու ավելի հաճախակի գլորվում ուղիղ տների վրա։
Քարափաթման վտանգը Նեղոցում նոր չէ, այդ հարցը վերևներում քննարկել են դեռևս խորհրդային տարիներին, նույնիսկ որոշել են ամբողջ գյուղը տարհանել, բայց գյուղացիք չեն կարողացել հարազատ հող ու ջրից կտրվել։
Թեեւ վտանգը տարիների ընթացքում ավելի մեծացել է՝ դառնալով ամենօրյա անհանգստության ու վախի պատճառ։
Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ