Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկում 10 տոկոսից մի փոքր պակաս

Տնտեսություն

Այս տարի կունենանք 10 տոկոսից մի փոքր պակաս տնտեսության անկում:

 «Ա1+»-ի հարցին ի պատասխան  նման կանխատեսում արեց 1993-1997, 1999-2000թթ. Ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը, ով պաշտոնանկումից հետո առաջին անգամ էր ասուլիս տալիս լրագրողներին: Հիշեցնենք, որ նա 1999թ հոկտեմբերի 27-ին  ահաբեկչության պահին ամբիոնում էր եւ բարեբախտաբար կենդանի է մնացել:

Համեմատելով իր պաշտոնավարման տարիները եւ այժմյան տնտեսական վիճակը, նա ասաց, որ լրիվ տարբեր պայմաններ են: Ըստ նրա' այժմ գտնվում ենք համաշխարհային տնտեսական ճգնաժամի տակ, իսկ այն ժամանակ ճգնաժամը պայմանավորված էր հենց Խորհրդային միության փլուզումից:

«Անհամեմատելի էր, որովհետեւ Հայաստանը պատերազմի մեջ էր: Դա կարողացանք հաղթահարել հաջող»,- փաստեց Ֆինանսների նախկին նախարարը, ապա նշեց մեկ այլ տարբերություն' այն օգնությունը, որ հիմա ստանում ենք դրսից, այն ժամանակ ցավոք չկար։ Միեւնույն ժամանակ Լեւոն Բարխուդարյանը դառնությամբ չի հիշում այդ ժամանակահատվածը. հակառակը . «Այդ ծանր ժամանակը շատ վեհ եւ ինչ որ տեղ լավագույն տարիներ էին, որ ժողովուրդը միասնական էր իշխանությունների հետ եւ այդ միասնականությունը բերեց մեծ հաղթանակների նույնիսկ այդ պայմաններում: Դա հնարավորություն տվեց արդյունավետ իրագործել այդ տնտեսական բարեփոխումները, որոնք անհրաժեշտաբար պետք է արվեին փլուզումից հետո»:

 

Այդուհանդերձ, չնայած ներկայումս նման միասնականության չկա, Լեւոն Բարխուդարյանի կարծիքով, ճգնաժամի պայմաններում իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը ճիշտ է. «Ճիշտ եմ համարում օգնությունը մանր եւ միջին բիզնեսում, ֆինանսական կայուն համակարգում, բյուջեի դիֆիցիտի ավելացման շնորհիվ բյուջեն կատարելուն»: Սակայն, ըստ նրա' կա երկու բաց. դանդաղել են կառավարման համարկարգի բարեփոխումները, պետական աշխատողների աշխատավարձերը հետ են մնում մասնավոր հատվածի աշխատավարձերի տեմպերից (որոշ բացառությամբ), հակակոռուպցիոն քաղաքականությունը, շատ մեծ խոչընդոտ է հանդիսանում մենաշնորհների առկայությունը' մրցակցային միջավայրի անկատարությունը: Լեւոն Բարխուդարյանը սխալ է համարում նաեւ դրամի արժեվորումը եւ գտնում է, որ այն պետք է արժեզրկել դոլարի նկատմամբ:

Իսկ այն հարցին, թե ինչու կառավարությունը չի պայքարում կոռուպցիայի կամ մենաշնորհների դեմ, նա պատասխանեց, որ քաղաքական կամք է պետք դրա համար եւ օրինակ բերեց Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունը: Օրինակ այն, որ յուրաքանչյուր ցուցանակի վրա կարելի է հանդիպել եռալեզու հայտարարություն, թե կաշառք տվողները 7 տարվա ազատազրկման կդատապարտվեն:

Լրագրողներից մեկի հարցին, թե հասարակական հարցումները վկայում են, որ կառավարությանը հասարակությունը չի վստահում, եւ անվստահության պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել կառավարության ծրագրերի հաջողության եւ հասարակությանը դրանց մասնակցության մասին, նա պատասխանեց. «Դժվար է, բայց ձեռք մեկնելու, մեկտեղելու դեպքում անհնարին ոչինչ չկա»: Ի դեպ, ըստ նրա' միտում կա բնակարանների գների անկման. գործարքների թիվը պակասել է։ Սակայն հնարավոր է տեղի ունենա հակառակը. «Բնակարանային շինարարությունը եթե չաճեց, շատ շենքեր այդպես կիսակառույց էլ կմնան, էական աճ կլինի գների»: