Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թատրոնում անտարբերությո՞ւն է

Մշակույթ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին մինչ օրս չեն տրամադրել նույնիսկ թատրոնի Ձմեռային այգին, որպեսզի նա ներկայացումներ բեմադրի:

«Հստակ քաղաքականություն է վարվում, որպեսզի իմ ներկայացումները չխաղացվեն եւ ոչ մի հարթակ չտրամադրվի, ես այլընտրանք եմ առաջարկում, սակայն ապարդյուն: Հնարավորություն չունեմ գոնե մեկ -երկու ներկայացում անել»,- այսօր «Ա1+»-ին ասաց Սուրեն Շահվերդյանը` ավելացնելով, որ ինքը հազարավոր հրավերներ ունի արտերկրից, իսկ հայրենի երկրում բացարձակ անտարբերություն է եւ թատրոն ներկայացրած իր ծրագրերը չեն քննարկվում:

Սուրեն Շահվերդյանը 2 օր առաջ է վերադարձել Պրահայից, որտեղ փառատոնի ժամանակ «Hitler in love» ներկայացմամբ գրավել է 2-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարի հրամանով ռեժիսորները պետք է իրենց գաղափարները ներկայացնեն Գեղ. Խորհուրդ, որտեղ էլ դրանք պետք է քննարկվեն:

Սուրեն Շահվերդյանը 20 օր առաջ իր երկու ներկայացումների բեմադրման համար դիմել է Մշակույթի նախարարություն եւ թատրոնի գեղխորհուրդ, կրկին ոչ մի պատասխան:Ռեժիսորը կարծում է, որ նախարարությունում վերջին չարաշահման բացահայտումներից հետո այն մղվել է վերջին պլան::

«Միայն թատերական ասպարեզում է տիրում բացարձակ անտարբերություն, որը շատ զարմանալի է»,- եզրափակեց Սուրեն Շահվերդյանը: