«Մի՞թե դա իրական էր...»
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 12-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 6-րդ կինոփառատոնը:
Փառատոնի բացման արարողությունը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: Կինոթատրոնի ներսն ու բակը բազմամարդ էր: Հատուկ փառատոնի անցկացման համար կինոթատրոնի հենց մուտքի մոտ, նվագում էր փողային նվագախումբը, իսկ դեպի մուտք տանող ճանապարհը գորգապատ էր:
Ըստ էության' բոլոր մասնակիցները, կազմակերպիչները, հյուրերն ու հանդիսատեսը պետք է քայլեին կարմիր հանդիսավոր գորգի վրայով: Սակայն, չգիտես ինչու, բոլորը խուսափում էին այդ հանդիսավորությունից ու կինոթատրոն մտնում' շրջանցելով գորգը: Միայն կարգը պահպանեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը' կինոփառատոնի ղեկավար Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ:
Ի դեպ, փառատոնը պետք է բացվեր ժամը 19:00-ին, սակայն Երեւանի քաղաքապետը ժամանեց ճիշտ այդ ժամին ու դրանից հետո միայն հանդիսատեսին թույլատրվեց բարձրանալ վերեւ' կինոդահլիճներ: Մինչ այդ' մարդիկ խմբվել էին կինոթատրոնի աստիճանների մոտ, իսկ անվտանգության աշխատակիցները նրանց խնդրում էին սպասել եւս մի քանի րոպե:
Փառատոնի բացման արարողությունը բացառապես հրավիրատոմսերով էր: Կինոդահլիճների մոտ պարզվեց, որ հրավիրատոմսերի մեջ էլ կային տարբերություններ' կարմիր ու կապույտ: Կապույտ հրավիրատոմսեր ունեցողները չէին կարող Երեւանի քաղաքապետի ու փառատոնի հյուրերի հետ միասին գտնվել միեւնույն կարմիր դահլիճում, որտեղ էլ հենց անցկացվում էր փառատոնի բացման արարողությունը: Կապույտ հրավիրատոմսերով անձինք, որոնք հիմնականում լրագրողներն էին, փառատոնի բացմանը հետևեցին կապույտ դահլիճում' մեծ էկրանի միջոցով: Ի դեպ, կապույտ դահլիճում էր նաեւ հեռուստատեսային հայտնի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը:
Այս տարի «Ոսկե ծիրանին» մասնակցում էր «Կաննի» կինոփառատոնի ղեկավարներից ֆրանսահայ անվանի կինոգործիչ Ալան Թերզյանը: Փառատոնն էլ հենց բացվեց նրա պրոդյուսերությամբ նկարահանված ֆրանսիացի ռեժիսոր Լորեն Տյուելի «Մերձավոր շրջան» ֆիլմով: Ֆիլմը պատմում էր Ֆրանսիայում հայազգի մաֆիոզների մի ընտանիքի մասին: Հայ մաֆիոզի դերում հանդես էր գալիս ֆրանսիացի անվանի դերասան Ժան Ռենոն: Ֆիլմը սկսվում էր ցեղասպանության տեսարաններով ու հետո սահուն անցում կատարվում Ֆրանսիայում հայ մաֆիոզ ընտանիքի գործունեությանը: Ի դեպ, հայ մաֆիոզների գործունեությունը նույնականացվել էր իտալական մաֆիայի հետ: Ֆիլմի ավարտից հետո հանդիսատեսներից մեկը, որին այս հանգամանքը դուր չէր եկել, բարկացած բղավեց. «Սա ի՞նչ բան էր, մի՞թե կարելի է նման ձեւով ներկայացնել հայերին, մի՞թե դա իրական է»: