Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կներկայացնի Լուարա Հայրապետյանը

Մշակույթ

            «Մանկական Եվրատեսիլ-2009» մանկական երգի մրցույթի հայաստանյան կիսաեզրափակիչում հաղթեց Լուարա Հայրապետյանը: Նա էլ հենց նոյեմբերի 21-ին Կիեւում անցկացվելիք մանկական երգի մրցույթին կներկայացնի Հայաստանը «Բարսելոնա» երգով: Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2009»-ին մասնակցելու են 13 երկիր, այդ թվում նաեւ' Հայաստանը:

            Այս երգն ընտրվեց հեռուստադիտողի sms եւ ժյուրիի անդամների քվեարկության արդյունքում' 50/50 հարաբերակցությամբ: Փոքրիկ Լուարան ինքն էր երգի հեղինակը եւ ներկայացնելով երգի ստեղծման պատմությունը'  նշեց, որ ոգեւորվել է «Բարսելոնա» ֆուտբոլային թիմի խաղով: Այս ժամանակ ամբողջ ընտանիքը, թիմի խփած առաջին գոլից ոգեւորված, վեր է թռել տեղից ու գոռացել. «Ուռա, Բարսելոնա»:

            Մրցույթի կիսաեզրափակչին մասնակցում էին եւս 6 փոքրիկ մասնակիցներ, որոնք ներկայացնում էին տարբեր ժանրային երգեր: Ի դեպ, նշենք, որ հատկապես մասնակից երեխաների ծնողների շրջանում կիսաեզրափակիչ մրցույթից դեռ շաբաթներ առաջ շշուկներ էին պտտվում այն մասին, որ հաղթելու է հենց Լուարա Հայրապետյանը: Նշենք, որ Լուարային ներկայացրել է երգչուհի Նադեժդա Սարգսյանը:  

Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի Հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը «Ա1+»-ին հայտնեց, որ դա անհնարին է. եթե կան կասկածներ, նա խորհուրդ տվեց դիմել «Վիվա սելլ»-ի եւ «ԱրմենՏել»-ի համապատասխան բաժանմունքներ, վերցնել sms-երի ցանկն ու համոզվել, որ ամեն ինչ արդար է անցկացվել: Իսկ ընդհանրապես նա հրաժարվեց այլ մեկնաբանություններ'պատճառաբանելով, որ նմանատիպ խոսակցություններն ամեն տարի կրկնվում են ու անիմաստ են: