Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռուստաընկերությունները սպասում են ընտրությունների

Տնտեսություն

Տնտեսական ճգնաժամի պատճառով այսօր շատ տնտեսվարողներ իրենց արտադրանքի կամ ծառայության գովազդի համար դիմում են հնացած, ավանդական  միջոցների' հայտարարություններ են փակցնում մետրոյի պատերին, երթուղային տաքսիներում, փողոցային ստենդներին, շքամուտքերում, բնակարանների դռներին եւ այլուր:

Տնտեսական ճգնաժամը ամենամեծ ազդեցություն ունեցել է մարզային անկախ հեռուստաընկերությունների վրա: Եւ եթե երեւանյան հեռարձակողները կարողանում են ինչ-որ կերպ' մեկ-երկու գովազդատուի շնորհիվ պահպանել իրենց տնտեսությունը, ապա մարզային հեռուստակայանների համար դաժան ամիսներ են:  «Ա1+»-ի հետ զրույցում մարզային կայանների տնօրենները տեղեկացնում էին, որ անգամ 90 ական թվականներին այդպիսի ծանր վիճակում չեն եղել, ինչպես այսօր:

Մասնավորապես շատ հեռուստաընկերություններ ուղղակի գովազդատուին պահելու համար այնքան են իջեցրել գները, որ ստիպված են ամսական 30 հազար դրամով օրական 7 անգամ գովազդ հեռարձակել:

«Նման գներ չեն եղել անգամ 90 ականներին, երբ դոլարը մոտ 600 դրամ էր»-հավաստիացնում են մարզային կայանների տնօրենները :

 Հիմա մարզային ընկերությունները մի բանի մասին են երազում. հաշվում են առաջիկա ընտրությունների օրերը, որ գոնե քաղաքական գովազդով կորաղանան գոյատեւել:  

Ի դեպ, այն տպավորությունը, թե հեռուստագովազդը կենտրոնացած է համապետական սփռում ունեցող երկու-երեք հեռուստաընկերության ձեռքում, քանի որ այսօր էլ շարունակվում է նրանց եթերում առատ գովազդը,  խաբուսիկ է:

Հեռուստաոլորտի պատասխանատուները «Ա1+»-ին վստահեցրին, որ տարվա սկզբում խոշոր տնտեսվարողները կանխիկ վճարել են ամբողջ տարվա համար, եւ հիմա հեռուստաընկերությունները գումար չեն ստանում «պտտվող» գովազդի համար:

Իսկ մամուլում շատ հաճախ տեղ գտնող տեղեկատվությունն այն մասին, թե այս կամ այն հեռուստաընկերությունում կրճատումներ են, «Երկիր Մեդիայի» լրատվության բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանն «Ա1+»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց. «Պետք է հասկանալ, որ դա կադրային ջարդ չէ, ուղղակի հեռուստատեսությունը որպես տնտեսվարող սուբյեկտ, պետք է հարմարվի այս իրավիճակին»:

Ըստ նրա, ճգնաժամը ստիպեց նաեւ գովազդատուներին վերանայել իրենց ծրագրերը:

Գովազդից նախկին ծավալներից հրաժարվել են ինչպես խոշոր գովազդատուները' խոշոր տնտեսվարողները, որոնք հիմա շատ ավելի քիչ են գովազդային շուկայում դեր խաղում, եւ մանր ու միջին բիզնեսը, որ փորձում էր մեկ, երկու անգամ եթերով երեւալով, իր մասին տեղեկացնելով, գոյատեւել:

 «Նրանք հիմա արդեն հաշվի չեն էլ առնում գովազդ կլինի, թե ոչ, իրենց ֆինանսական միջոցները կենտրոնացնում է եղած միջոցների հաշվին իրենց տնտեսությունը գոնե պահպանելու վրա»: