Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ին շահագրգռելու փո՞րձ

Տնտեսություն

Եվրամիությունը, որ աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման  գործին, ցանկանում է ծրագրվող Nabucco գազատարի ուղին Վրաստանի փոխարեն անցկացնել Հայաստանով։  Համենայնդեպս թուրքական մամուլում հրապարակումներ կան, թե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ սպասվում է նաեւ տարածաշրջանային էներգետիկ հավասարակշռությունների փոփոխություն։

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում այդ ծրագիրը «ցանկալի, բայց իրականությունից շատ- շատ հեռու գաղափար» անվանեց: Նա հիշեցրեց, որ թեեւ պայմանագիրը կնքված է, եւ նախապատարստական աշխատանքները սկսված են, անգամ ֆինանսավորումն է ապահովված, բայց գազ առայժմ չկա: Իսկ Հայաստանի տարածքով անցկացնելու հնարավոր  գաղափարին, ըստ նրա, առաջին հերթին դեմ կլինի Ադրբեջանը, որը գազ է վաճառելու Nabucco-ին:

«Ադրբեջանը դեմ կլինի, նա որեւէ կերպ չի համաձայնի, որ Nabucco-ն անցնի նաեւ Հայաստանով, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի խնդիրը»,-ասաց Բագրատ Ասատրյանը:

Նա այսօրվա իրավիճակը շատ է նմանեցնում 1997-ին, երբ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրները եկել էին համաձայնության ԼՂՀ խնդրի  կարգավորման շուրջ.« Այն ժամանակ էլ խոսք էր գնում Բաքու-Ջեյհան նավթամուղի մասին: Այո, բավականին ակտիվացան բանակցային գործընթացները,  եւ ներքին քաղաքական բանակցությունները, բայց որի ավարտը եղավ 1998 թ Տեր-Պետրոսյանի հրաժարականը»:

Իսկ գուցե գերտերությունները կամ եվրոպական կառույցները Nabucco- ով փորձում են Հայաստանին շահագրգռե՞լ' հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի հասնելու համար' մեր հարցին Բագրատ Ասատրյանն ասաց. «Իհարկե: Ճիշտ այնպես, ինչպես Բաքու -Ջեյհանը կառուցելիս մեզ փորձում էին շահագրգռել, գլխի գցել, որ կա այսպիսի տարբերակ, դուք շանս եք ստանում, եթե գնաք ընդառաջ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Իսկ աշխարհի համար սա նաեւ երաշխիք է, որ այստեղ ծայրահեղական դրսեւորումների հնարավորությունը կնվազի, եթե Հայաստանը կամ որեւէ երկիր դառնում է այս կամ այն նախագծի մասնակից, նա արդեն պարտավորություններ է ստանձնում, որի դեպքում ծայրահեղական դրսեւորում բացառվում է»:     

Ի դեպ, շահագրգռելու քաղաքականության մեջ է մտնում թուրքական եւ արեւմտյան որոշ պարբերականների նաեւ այն հրապարակումները, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ է պայմանավորված նաեւ Լոնդոնը Պեկինին կապող երկաթուղու հաջողությունը:

Խոսվում է նաեւ օդային հաղորդակցության մատչելիության մասին. սահմանները բացվելուց հետո կավելանան առեւտրական եւ մշակութային հարաբերությունները, որի հետեւանքով ներկայումս գործող Երեւան-Ստամբուլ չվերթի հաճախականությունը պետք է ավելացվի եւ նոր չվերթ եւս մտցվի՝ Անկարա-Երեւան։ Բանը հասել է այնտեղ, որ խոսում են ՀՀ-ի մյուս ծրագրերի' TRACECA եւ INOGATE-ին մասնակցելու հնարավորությունների մասին: