Անդրադարձել են նիստին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Ամեր Հոսնի Լութֆիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եւ Սիրիայի ժողովուրդների միջեւ առկա ջերմ հարաբերությունների համար ամուր հիմք են հանդիսանում պատմամշակութային ընդհանրությունները եւ դարավոր բարեկամությունը:
ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում էական նշանակություն ունի երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը: Նա նշել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում նախանշվել են այն ոլորտները, որոնցում հնարավոր է համատեղ ծրագրեր իրականացնել: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը լինելու է հետեւողական' ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու եւ համատեղ ծրագրերն իրականացնելու հարցում:
Պարոն Ամեր Հոսնի Լութֆին ՀՀ վարչապետին է փոխանցել գործընկերոջ' Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետի ողջույնները եւ հրավերը' Սիրիայի Արաբական Հանրապետություն:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որի հերթական' 5-րդ նիստն այսօր մեկնարկել է Երեւանում:
Տնտեսական փոխգործակցությունը խթանելու նպատակով կարեւորվել է նաեւ երկկողմ շփումների ակտիվացումը' առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացումը, երկու երկրների բանկային ոլորտում փորձի փոխանակումն ու ներդրումների խրախուսումը, ինչպես նաեւ գործարարների երկկողմ փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: