Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենաէական թերությունը' մաքսային բեռը

Տնտեսություն

Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանն իր մրցունակությամբ 97-րդն է աշխարհի 133 երկրների մեջ:

Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից ներկայացված 2009-2010թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցում (ՄՀԶ) Հայաստանը մնում է նույն տեղում' համեմատած նախորդ տարվա հետ:

Հայաստանի մրցունակության միավորը (score), ի տարբերություն վարկանիշի, փոքր-ինչ նվազել է, պայմանավորված զարգացման այլ փուլի անցման արդյունքում մրցունակության գործոնների տարբեր խմբերի նկատմամբ կիրառվող կշիռների փոփոխությամբ:

Համաշխարհային մրցունակության զեկույցը իր վերլուծություններն ամփոփում եւ համեմատվող երկրներին դասակարգում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով:Վերջինս մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից: ՀԱՄ ցուցիչը, հաշվարկվելով մրցունակության 12 հենասյուների հիման վրա, երկրների մրցունակության ամփոփ գնահատական է տալիս: Վարկանիշերի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ եւ ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները:

Մրցունակության համեմատաբար լավ արդյունքներ գրանցվել են Հայսաստանի հիմնարար ոլորտներում: Հատկապես զգալի է առաջընթացը ենթակառույցների և մակրոտնտեսական կայունության առումով: Որոշակի հետընթաց է արձանագրվել ապրանքային շուկայի արդյունավետության և նորարարության ոլորտում:

Ըստ զեկույցի' Հայաստանի հիմնական մրցակցային առավելություններն են պետական պարտքի փոքր չափը, աշխատանքի շուկայի կարգավորումը, ինչպես նաև գյուղատնտեսական քաղաքականությունը, Բիզնես խորհրդատվական թեւ հանցագործությունների և ահաբեկչության հարուցած ծախսերը: Թերությունների ցուցակը գլխավորում են շուկայում գերիշխող խմբերի առկայությունը և մրցակցության անկատար մակարդակը, որ հակամենաշնորհային անարդյունավետ քաղաքականության հետևանք են:

Նախորդ տարվա համեմատ ամենաէական թերությունների շարքին են դասվել մաքսային ընթացակարգերի բեռը, տեխնոլոգիաների պետական գնումների քաղաքականությունը, բիզնես կրթության որակը, դեպի սպառող կողմնորոշումը և իրավասությունների պատվիրակման կամեցողությունը:

2009/10 զեկույցի արդյունքներով Շվեյցարիան առաջին տեղն է գրավում իր մրցունակությամբ: Երկրորդ տեղում է գտնվում ԱՄՆ' ֆինանսական շուկաների և մակրոտնտեսական կայունության առավել ցածր մակարդակով: Մրցունակության ցուցանիշներով լավագույն հնգյակի մեջ են ներառված նաև Սինգապուրը, Շվեդիան և Դանիան:

ԱՊՀ տարածաշրջանի երկրներից դրական տեղաշարժ արձանագրվել է միայն Ադրբեջանում, մինչդեռ Ռուսաստանում և Ուկրաինայում մրցունակությունը զգալիորեն նվազել է: