Փոխեք պատուհանները, խնայեք էլեկտրաներգիա
Աջակցիր «Ա1+»-ինԵթե ուզում եք խնայել էլեկտրաէներգիա, խտացրեք, փոխեք պատուհանները,-խորհուրդ է տալիս Միջազգային ֆինանսական կորպորացիայի/ IFC/ էներգաարդյունավետության տարածաշրջանային փորձագետ Տիգրան Փարվանյանը: Կազմակերպությունը հսկայական միջոցներ է ծախսել, ուսումնասիրություններ է կատարել, որպեսզի հանգի հետեւյալ եզրակացության. «Հայաստանի գործարարները կարող են կրճատել էներգիայի ծախսերը գրեթե 15 տոկոսով»:
Կազմակերպության պատրաստած զեկույցում ասված է, որ Հայաստանը կարող է օգտվել իր էներգաարդյունավետության ներուժի ընձեռած առավելությունից'նվազեցնելով տնտեսության էներգատարությունը եւ մեծացնելով արդյունաբերության ոլորտի մրցունակությունը:
Զեկույցը կազմվել է 100 տեղական ընկերությունների շրջանում անցկացված հարցման արդյունքում.
Ամերիկացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ ՀՀ արդյունաբերական ոլորտը, որի արտադրանքը կազմում է ՀՆԱ-ի 24 տոկոսը, թերագնահատում է էներգաարդյունավետության հաշվին դրամական եւ էներգիայի խնայողությունների ներուժը միջին հաշվով ավելի քան 70 տոկոսով:
Իսկ ինչ կտա արդյունաբերության ոլորտում էներգախնայողությունը սովորական քաղաքացուն, հարցին Տիգրան Փարվանյանը անկեղծորեն պատասխանեց, որ չի կարծում, թե արտադրանքի գնի վրա կազդի, բայց բիզնեսը գործարարների համար ավելի արդյունավետ կդառնա:
Էներգախնայողությունը սակայն կենցաղում, բնակարաններում կարող է քաղաքացուն բավականին օգուտ տալ. մասնավորապես, պատուհանները փոխելու դեպքում կարելի է խնայել 20 տոկոս էլեկտրաէներգիա, կամ հին, սովորական լամպերը փոխելով փոքր վատանոց եվրոպական արտադրության լամպերով' կարելի է ծախսել ավելի քիչ էներգիա, եւ ստանալ նույնքան լուսավորություն: Էներգախնայողության քարոզիչները գտնում են, որ էներգաարդյունավետության բարձրացման կարելի է հասնել տարբեր միջոցներով' եւ հատկապես բնակչության շրջանում քարոզչություն իրականացնելով:
Թե որքան գումար է ծախսվել 2008 թվականի ամառվանից մինչ այժմ կատարված ուսումնասիրության վրա, Տիգրան Փարվանյանը չցանկացավ ասել: