Թուրքիա՞ն, թե՞...
Աջակցիր «Ա1+»-ինՀայ-թուրքական սահմանի բացումը խիստ բարենպաստ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, քանի որ Հայաստանի ապրանքների ու ծառայությունների համար Թուրքիան բավականին խոշոր շուկա կդառնա:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր այս կարծիքն հայտնեց Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը' ավելացնելով, որ դա կհանգեցնի նաեւ տրանսպորտային, ներկրվող ապրանքների ծախսերի նվազեցմանը, ինչը կբարելավի հայկական ընկերությունների մրցունակությունը:
Բացի այդ, ըստ նրա' Հայաստանի բնակչության համար ապրելու ծախսերը կնվազեն եւ գնողունակությունն էլ կբարելավվի: «Կարծում եմ, որ սահմանների բացումը լրացուցիչ հնարավորություններ կընձեռի տարածաշրջանային ինտեգրման եւ ներդրումների համար: Ամփոփելով ասեմ նաեւ, որ մենք ակնկալում ենք տնտեսության ավելի բարձր աճ, ավելի բարձր արտահանում եւ ներդրումներ, ինչպես նաեւ' բնակչության կենսամակարդակի բարելավում»,- հայտարարեց պարոն Լյուիսը:
Քանի որ ապրանքների գները միջազգային շուկաներում բարելավվում են, ապա, ըստ նրա, դա հատկապես լավ կազդի Հայաստանի հանքարդյունաբերության վրա: ԱՄՀ-ն որոշակի աճ է կանխատեսում նաեւ գյուղատնտեսության ոլորտում: Մարկ Լյուիսի դիտարկումներով' շարունակական աճ կա նաեւ ներքին սպասարկման ծառայությունների ոլորտում, որոնք 2009թ. բացասական այնքան մեծ ազդեցություն չեն կրել, որքան տնտեսության մյուս ճյուղերը: Անդրադառնալով ճգնաժամի հետեւանքներին' նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ դրա հիմնական ազդեցությունը եղել է շինարարության ոլորտում: Սակայն մինչեւ տարեվերջ ԱՄՀ-ն ակնկալում է, որ «այս ոլորտում ակտիվությունը կկայունանա»: «Երբ դիտարկում ենք տնտեսության կամ ՀՆԱ-ի այն հատվածը, որը շինարարությամբ պայմանավորված չէ, ապա տեսնում ենք ավելի ցածր անկում»,- ասաց պարոն Լյուիսը:
«Ա1+»-ի այն հարցին, թե այդ դեպքում որ ոլորտներն են ԱՄՀ-ի կողմից ավելի նախընտրելի, Մարկ Լյուիսը նշեց, որ իրենք ավելի զգուշավոր են, երբ խոսքը գնում է նշելու այս կամ այն ոլորտը: «Մեր խորհրդատվությունը սովորաբար ընդհանուր է, որի նպատակն է ապահովել մակրոտնտեսական լավ պայմաններ, ներդրումներ ուղղված ենթակառուցվածքներին եւ այլն: Մենք առաջարկություններ ենք անում այն ոլորտների, ճյուղերի վերաբերյալ, որտեղ մեր քաղաքականության իրականացումը կնպաստի տնտեսության աճի ապահովմանը»,- ավելացրեց նա: