Գյուղացին խնդիր չի՞ ունենա
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը այսօր հավաստիացրեց, որ խաղողի մթերումները կատարվելու են հավուր պատշաճի. կատարվելու են ժամանակին եւ ամբողջ խաղողը մթերվելու է: Ինչ վերաբերվում է Արարատի մարզի գյուղացիների բողոքին, ապա նախարարն այդ համարում է անիրազեկության պատճառ:
«Մի պահ մարդիկ մտածում էին, որ մթերումներ չեն լինելու կամ մթերվելու են ավելի էժան: Ես չեմ մեղադրում մեր գյուղացիներին, մարդիկ անհանգստանում են, քանի որ խաղողի մթերումների հետ կապված լուրջ ծրագրեր ունեն դրված իրենց առաջ»,- ասաց Գերասիմ Ալավերդյանը:
Կոնկրետ Արարատի մարզում, ըստ գյուղատնտեսության նախարարի, կա 16 մթերող կազմակերպություն: Իսկ ընդհանուր Հայաստանում 30 մթերող կազմակերպություն: Ըստ նրա` Երեւանի կոնյակի գործարանը կմթերի 32.000 տոննա, «Նոյ» գինու- կոնյակի կոմբինատը` 30.000 տոննա: Սեպտեմբերի 22-ի դրությամբ դեռ երկու կազմակերպություն է սկսել մթերումները: Մեկը Երեւանի կոնյակի գործարանն է, մյուսը` Պռոշյանի գործարանը:
Գյուղացիները բողոքում են, որ պայմանագրում նշվածից ավել ոչ մի կիլոգրամ չի մթերվում: Գերասիմ Ալավերդյանը պատասխանեց, որ կոնկրետ Երեւանի Կոնյակի գործարանը աշխատում է պայմանագրով, բայց քաշի 10 %-ի չափով գործարանը ավել կընդունի:
«Եթե գյուղացին 10000-ի փոխարեն տարավ 10.800 կգ, նա կընդունի, բայց եթե տարավ 11.300 կգ, ապա այդ 300 կգ չի ընդունելու»,-ասաց նա: Այս գործարանը մթերումները սկսել է սեպտեմբերի 18-ից, մթերման գին է սահմանել 130 դրամ:
Նախարարի խոսքերով` այսօր խաղողի գինը լինելու է անցյալ տարվա գներին համապատասխան եւ մթերման գները սահմանում է շուկան, այսինքն մթերման գինը լինելու է 80-ից 140 դրամի սահմաններում: Ըստ նախարարի` այս տարի Հանրապետությունում կհավաքվի 200-205 հազար տոննա խաղող, որն անցած տարվա համեմատ ավել է 20 հազար տոննայով: Նա նշեց, որ այդ 200 հազար տոննա խաղողից 60-75 տոկոսը տեխնիկական տեսակներ են, որոնք օգտագործվում են միայն որպես գինեհումք:
Ի դեպ, անդրադառնալով հայ- թուրքական սահմանի հանրավոր բացմանը, գյուղատնտեսության նախարարը ասաց. «Զուտ մրցակցություն է լինելու, եւ կարծում եմ, որ արտադրողները պատրաստ են մրցակցությանը եւ դա կբերի գների նվազեցման եւ ժողովրդի համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն»: