Սահմանի բացմանը տեխնիկապես դեռ պատրաստ չեն
Աջակցիր «Ա1+»-ին«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում կարող է 9 կմ-անոց այդ ճանապարհահատվածը անցնել 2 օրվա ընթացքում' 15-25 կմ/ժ արագությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը:
Նա նաեւ նշեց, որ այս հարցի վերաբերյալ իրենք քննարկումներ են ունեցել ՀՀ Տրանսպորտի նախարարի հետ: Արդյունքում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունն իր ձեռքի տակ ունի նախապես պլանավորած բեռնափոխադրումների հավանական ծավալը: Նախատեսվել է' բեռնափոխադրումների առաջին ծավալը մեկ տարվա ընթացքում հասցնել մինչեւ 6-7 մլն տոննայի, թեեւ Մարատ Խակովի կարծիքով' դա դեռեւս բավականին քիչ է: Ինչ վերաբերում է թուրքական կողմին, ապա նրանց հետ դեռեւս ոչ մի քննարկում տեղի չի ունեցել եւ ըստ այդմ էլ' տեղեկություն չկա, թե արդյոք սահմանի բացման դեպքում նախապատրաստական աշխատանքներ այնտեղ տարվո՞ւմ են:
Մարատ Խակովի ասելով' Թուրքիայի սահմանն անցնելու համար իրենք տեխնիկապես, ըստ պատշաճի դեռ պատրաստ չեն: Պատճառը «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի շարժական տեխնիկայի եւ վագոնների ծավալներն ու չափսերն են, որոնք չեն համապատասխանում թուրքական չափանիշներին: Ըստ Մարատ Խակովի' թուրքականը էականորեն տարբերվում է ռուսական չափանիշներից: Այդ պատճառով էլ սահմանի բացման դեպքում նրանք պատրաստվում են 50 մլն ռուբլի ներդրում անել հատկապես շարժական տեխնիկայի վերականգնման համար:
Այն հարցին, թե արդյոք հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում կկրճատվեն դեպի Վրաստան բեռնափոխադրումների ծավալները, նա նշեց, որ այո, Վրաստանից բեռնափոխադրումների ծավալները 25-30 տոկոսով կկրճատվեն: «Այսինքն, Գյումրի-Այրում ճանապարհահատվածի պահանջը կընկնի, որն, իհարկե կնպաստի մեր աշխատանքների թեթեւացմանը այդ հատվածում, քանի որ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի դեպի Հայաստան վագոնների քանակի կտրուկ աճին»,- ավելացրեց Մարատ Խակովը: